Հունվարի 6-ին «Մուսալեռ» ռեստորանա-հյուրանոցային համալիրում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով այսօր որպես մեղադրյալ է ներգրավվել ևս երկու անձ:
Քննչական կոմիտեն հայտնում է, որ նշված համալիրում 2016թ. հունվարի 6-ին տեղի ունեցած զինված միջադեպին մասնակցություն են ունեցել նաև Էջմիածին քաղաքի բնակիչներ Խ. Խաչիկյանը և Ա. Պառավյանը։
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ նրանք խմբի կազմում դիտավորությամբ խախտել են հասարակական կարգը, հայհոյել աշխատակիցներ Վ. Խաչատրյանին, Ս. Խլղաթյանին, իսկ Ա. Պառավյանը նաև որպես զենք օգտագործվող առարկայով բռնություն է գործադրել նրանց, ինչպես նաև Տարոնիկ գյուղի բնակիչներ Ա. Կարապետյանի և Ա. Խլղաթյանի նկատմամբ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հունվարի 9-ին Պառավյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, իսկ Խաչիկյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քննիչը նույն օրը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։
«Մուսալեռ» ռեստորանա-հյուրանոցային համալիրում հունվարի 6-ին տեղի ունեցած զինված միջադեպի ժամանակ սպանվել է 22-ամյա Ա. Կարապետյանը, հրազենային վնասվածք է ստացել Տարոնիկի գյուղապետ Ա. Խլղաթյանը։ Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ վիճաբանության ընթացքում իր մոտ գտնվող հրազենով կրակել է վիճաբանության մասնակիցներից Ա. Բաբայանը, ում նկատմամբ հետախուզում է հայտարարվել հունվարի 7-ին։