«Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման անդամները, քաղաքացիական այլ ուժերի հետ համագործակցությամբ, պատրաստվում են ստեղծել իրենց դեմ իրականացվող բռնություններին հակազդելու խումբ: Նման որոշում կայացվեց շաբաթ օրը Ազատության հրապարակում «Նոր Հայաստան»-ի հրավիրած հանրային քննարկմանը:
«Ամսի 31-ին տեղի ունեցած բռնություններից հետո, որի արդյունքում Գևորգ Սաֆարյանը կալանավորվեց, դրանից հետո Սյուզիի նկատմամբ բռնություն կիրառվեց, միտք առաջացավ, որպեսզի մենք էլ կարողանանք որոշակի ինչ-որ համակարգ ստեղծել, որը համակարգված կաշխատի. դա իրավապաշտպան կազմակերպությունների միջոցով ճնշումներն են, կոնկրետ ոստիկաններին անհատապես ծաղրանքի, պարսավանքի ենթարկելն է»,- ասաց «Նոր Հայաստան»-ի անդամ Արմեն Միքայելյանը։
Չնայած երեկ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել էր, որ զինված ինքնապաշտպանության կոչ անողներին պետք է մեկուսացնել, այսօր «Նոր Հայաստան»-ի անդամ Արմեն Միքայելյանն ասաց, որ եթե լինի ընդհանուր համաձայնություն, ապա հնարավոր է նաև ինքնապաշտպանական խմբերի ձևավորում:
«Խումբ չստեղծելով արդեն վտանգված ենք։ Պիտի փորձենք արդեն ինքնապաշտպանվել, դա էլ ինքնապաշտպանության մեխանիզմներից մեկն է»,- ասաց Միքայելյանը։
Օրեր առաջ իրեն ծեծի ենթարկելու մասին հայտարարեց «Նոր Հայաստան»-ի անդամ Սյուզի Գևորգյանը, իսկ շարժման անդամ Գևորգ Սաֆարյանը երկամսյա կալանքի ենթարկվեց` Ամանորի գիշերը իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։ Երեկ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն է տարածել` կոչ անելով ազատ արձակել ակտիվիստին և անկողմնակալ հետաքննություն անցկացնել:
«Հայաստանի իշխանությունները նաև պետք է քննարկեն ոստիկանության վարքագիծը և ոստիկանական հնարավոր միջամտությունը կարծիքի, արտահայտման և հավաքների իրավունքների իրացմանը»,- հայտարարել է իրավապաշտպան կազմակերպությունը, ընդգծելով, որ երկամսյա կալանքը բոլորովին արդարացված չէ` հաշվի առնելով միջադեպի չնչին բնույթը։
Հեղինակավոր կազմակերպությունը Սաֆարյանի կալանավորման առնչությամբ իր մտահոգությունն էր հայտնել նաև օրեր առաջ` Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ուղղված նամակում։
«Նոր Հայաստան»-ի անդամ Դավիթ Սանասարյանը, կարևորելով միջազգային կառույցների զեկույցները, ասում է, որ որոշիչը Հայաստանի քաղաքացիների արձագանքն է.- «Ինձ համար առաջնային է ՀՀ քաղաքացիների արձագանքը։ Ես տեսա, որ էդ ադեկվատությունը չկար։ Այն, ինչ տեղի ունեցավ Գևորգի, Սյուզիի հետ, ես կարծում եմ, որ ՀՀ քաղաքացիները ուղղակի գերադասեցին տաք-տաք տները, խմիչքներն ու ուտելիքները»։
Ընդդիմադիր շարժման ներկայացուցիչները պնդում են, որ իրականում ոչ թե Սաֆարյանն է բռնություն գործադրել ոստիկանի նկատմամբ, այլ ոստիկաններն են ծեծի ենթարկել ակտիվիստներին, որոնք փորձել են Ամանորի գիշերը հրապարակում տոնածառ տեղադրել:
Հատուկ քննչական ծառայությունն այսօր՝ միջադեպից տասն օր անց, տեղեկացրեց, որ ոստիկանության կողմից կիրառված բռնության մասին Գևորգ Սաֆարյանի և մյուսների հաղորդումների հիման վրա նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: