Մատչելիության հղումներ

Թուրքիան սիրիացիներից մուտքի արտոնագիր կպահանջի


Սիրիացի փախստականների ճամբար Թուրքիայում, արխիվ
Սիրիացի փախստականների ճամբար Թուրքիայում, արխիվ

Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարության մամլո խոսնակ Թանժու Բիլգիչը։

Ըստ Թուրքիայի ԱԳՆ խոսնակի, այս որոշման նպատակն է՝ կանխել երրորդ երկրներից փախստականների անօրինական ներգաղթը, մասնավորապես` Լիբիայից և Եգիպտոսից: Հենց այսօրվանից ուժի մեջ մտած վիզային նոր կարգը գործելու է օդային և ծովային ճանապարհներով Թուրքիա մուտք գործել ցանկացող սիրիացիների համար։ Ցամաքային անցակետերում Թուրքիան շարունակելու է բաց դռների քաղաքականությունը։

Թուրք փորձագետ Շենայ Օզդենը «Ակօս»-ի հետ զրույցում Սիրիայի քաղաքացիների համար մուտքի արտոնագրեր սահմանելու՝ թուրքական իշխանությունների որոշումը «սարսափելի» է որակել։ Նա նշել է, որ պատերազմից տուժած սիրիացիների համար Թուրքիան «ամենահանգիստ» երկրներից մեկն է, իսկ վիզային համակարգի վերականգնումը բացասաբար կազդի փախստականների հոգեվիճակի վրա։ Օզդենի համոզմամբ՝ այսպիսով սիրացիները կկանգնեն փակ դռների առաջ։ Բացի այդ, այս որոշումը, փորձագետի համոզմամբ, կխոչընդոտի ընտանիքների վերամիավորմանը, որոնց մի մասը ապրում է Թուրքիայում, իսկ մյուսը՝ հարևան երկրներում։

Այլ փորձագետներ էլ կարծիք են հայտնում, որ Թուրքիայի այս որոշումը դեպի Եվրոպա արտագաղթի մեծ ալիքը կանխելու նպատակ է հետապնդում։ Մեծ թվով փախստականներ Թուրքիան օգտագործում են որպես տարանցիկ երկիր՝ Եվրոպա տանող ճանապարհին:

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության տվյալներով, փախստականների անօրինական ներգաղթը Թուրքիա, ապա նաև՝ Եվրոպա կանխելու համար, թուրքական իշխանությունները հաճախ չեն հետևում բաց դռների քաղաքականությանը և ցամաքային ճանապարհով Թուրքիա անցած փախստականներին հենց սահմանից հետ են ուղարկում Սիրիա։

Թուրքիայի և Սիրիայի միջև մուտքի արտոնագրերի պահանջը երկկողմանիորեն հանելու մասին որոշումն ընդունվել էր 2009 թվականին։ 2011 թվականին բռնկված սիրիական պատերազմի պատճառով սկսվել էր փախստականների մեծ հոսք դեպի Թուրքիա։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2015 թվականի վերջին Թուրքիայում ապաստանել է ավելի քան 2 միլիոն սիրիացի փախստական։ Վերջիններիս կացությունն ապահովելու համար Անկարան պետական բյուջեից շուրջ 8 միլիարդ դոլար է ծախսել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG