Մատչելիության հղումներ

Փորձագետ․ Ռուբլու արժեզրկումը լուրջ ճնշում է դրամի փոխարժեքի նկատմամբ


«Ազատության» հետ զրույցում հայաստանյան գործարարներն ու տնտեսագետները մտահոգություն հնչեցրին, թե ռուսաստանյան ռուբլու աննախադեպ արժեզրկումը կարող է է՛լ ավելի կրճատել հայկական ապրանքների արտահանումը Ռուսաստան, կարող է նաև ազդել դրամի փոխարժեքի վրա:

Նավթի էժանացման ֆոնին երեկ ռուսաստանյան ռուբլին արժեզրկման նոր ռեկորդ սահմանեց՝ ԱՄՆ մեկ դոլարը հասավ 75 ռուբլու: Այսօր ռուբլին արժեվորվեց, սակայն՝ աննշան: Բացի այդ, օրվա ընթացքում արժեզրկման նոր ռեկորդ սահմանեց Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ Ղազախստանի արժույթը:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի խոսքով` սպասելի է, որ այս միտումը շարունակվելու է նաև առաջիկա երկու տարիներին, ինչը նշանակում է, որ ռուսաստանյան շուկայի ուղղությամբ աշխատող հայաստանցի գործարարների խնդիրները դժվար թե ավարտվեն անգամ 2016-ին:

«Ինչքան որ ռուբլին արժեզրկվեց, այնքան Հայաստանի Հանրապետությունում արտադրված ապրանքներն ավելի դժվարությամբ կարող են մրցակցել ռուսական ապրանքների հետ: Եվ ոչ միայն ռուսական, այլև՝ այլ երկրների ապրանքների հետ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանում, Ղազախստանում և Բելառուսում տեղական արժույթների անկման պատճռով ԵՏՄ շուկան աստիճանաբար կորցնում է իր գրավչությունը հայ արտադրողների համար․ - «Պետք է շատ ռեալ և ազնվորեն գնահատել վիճակը, նաև տեղեկացնել բիզնեսին էլ, հանրությանն էլ, որ ռուսական շուկայում տեղի ունեցող իրադարձությունների բացասական ազդեցությունը շատ մեծ է մեր վրա, և մենք եթե մտածենք, որ միայն ռուսական շուկան է մեր շուկան, և որևէ քայլ չանենք այլ շուկաներ մտնելու կամ այլ շուկաներ գտնելու համար, սա մեզ համար կործանում է»:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2015 թվականի հունվար - նոյեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի արտահանումը Ռուսաստան կրճատվել է 28.1 տոկոսով:

Արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխջյանը, ով նաև զբաղվում է սուրճի վերամշակմամբ և արտահանմամբ, «Ազատության» հետ զրույցում նշեց՝ քանի որ արժեզրկվող ռուբլու պայմաններում Ռուսաստանի իշխանությունները արգելում են բարձրացնել ապրանքների գները, հայաստանցի գործարարները տուժում են՝ նույն գնի դիմաց ստանալով ավելի քիչ դոլար կամ դրամ. - «Այսօր ինչո՞ւ այսպիսի կոլապսային իրավիճակ տեղի ունեցավ մեր ամենալավ կոնյակ, գինի արտահանողների հետ: Որովհետև իրենք չկարողացան ծախել իրենց ապրանքը՝ հենց այդ գնային քաղաքականության պատճառով: Նույնն էլ ես՝ իմ սուրճով, մյուսը՝ իր ապրանքով»:

«Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի խոսքով՝ ռուբլու արժեզրկումը լուրջ ճնշում է դրամի փոխարժեքի նկատմամբ, և Հայաստանի իշխանությունները փորձելու են կայուն պահել դրամը․ - «Բնակչության և բիզնեսի վերցրած վարկերի մեծագույն մասը դոլարային է, և դրամի արժեզրկման արդյունքում դա հանրային շատ մեծ դժգոհություն կառաջացնի, որից իշխանությունները կփորձեն խուսափել»:

Բացի այդ, ըստ Գևորգյանի, Հայաստանի տնտեսության ազդեցիկ դերակատարները ներկրողներն են, այդ թվում՝ էներգակիրներ ներկրողները, որոնց ձեռնտու չէ դրամի արժեզրկումը, և իշխանությունները նախևառաջ հաշվի են առնում այդ մարդկանց, քան արտադրողների շահերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG