Այս պահի դրությամբ սուր շնչառական վարակներով Հայաստանում գրանցվել է հոսպիտալացման 515 դեպք, որից 126-ը` թոքաբորբ: Այդ մասին այսօր լրագրողներին հայտնել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։
Նախարարի խոսքով` ոչ միայն Հայաստանում, այլև եվրոպական տարածաշրջանում է գրանցվում գրիպի ակտիվացում: Դեպքերի շուրջ 75 տոկոսը Ա տեսակի գրիպն, է որի գերակշռող մասը H1N1 ենթատեսակն է՝ խոզի գրիպը:
«Ժամանակին դիմելու և ինքնաբուժմամբ չզբավելու դեպքում հիվանդությունն ընթանում է որպես սովորական շնչառական վարակ»,- պարզաբանել է Մուրադյանը:
Նրա խոսքով` բոլոր այն դեպքերը, որոնք դիմել են հիվանդանոցային ցանց, ստացել են համապատասխան բուժում: Բժշկական կազմակերպություններում սահմանված է ամենօրյա հսկողություն, և առողջապահական համակարգը տոնական օրերին աշխատել է արտակարգ ռեժիմով:
Առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն, արագ և օպերատիվ արձանքման աշխատանքային խումբը՝ Արմեն Մուրադյանի գլխավորությամբ, այսօր հերթական խորհրդակցությունն է անցկացրել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում: Հանգամանալից անդրադարձ է կատարվել երկրում առկա համաճարակային իրավիճակին:
Նախարարն այցելել է բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, ծանոթացել բուժում ստացող երեխաների առողջական վիճակին: Այս պահին բաժանմունքում բուժվում է 20 երեխա, որից միայն 10-ի մոտ է առկա սուր շնչառական վարակ:
Այնուհետև, Արմեն Մուրադյանը աշխատանքային խմբի անդամների հետ շարունակել է համայցերը բժշկական կազմակերպություններ: Ուշ դիմելիությամբ պայմանավորված բարդացած, ծանր դեպքերը քննարկելու նպատակով հրավիրվել է հերթական բժշկական կոնսիլիումը` առաջատար բոլոր մասնագետների ներգրավվածությամբ:
Նախարարությունը հավաստիացնում է, որ առողջապահական ցանցն ապահովված է անհրաժեշտ բոլոր դեղերով և բժշկական պարագաներով: