Մատչելիության հղումներ

Վրաստանից ցիտրուսների արտահանումը Ռուսաստան աճել է


Վրաստան - Աջարիայում հավաքված և պահեստավորված մանդարին, արխիվ
Վրաստան - Աջարիայում հավաքված և պահեստավորված մանդարին, արխիվ

2015-ին արտահանված վրացական մանդարինի մեծ մասը բաժին է հասել Ռուսաստանին:

Չնայած ռուս-վրացական չկարգավորված հարաբերություններին՝ 2015 թվականի վերջերին Վրաստանից ցիտրուսների արտահանումը Ռուսաստան բավականին աճել է:

Վրաստանի գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ անցած տարի երկրից ընդհանուր առմամբ ավելի քան 25 հազար տոննա մանդարին է արտահանվել, ինչը 13 տոկոսով գերազանցում է 2014-ի ցուցանիշը: Եվ ահա, այդ մանդարինի մեծ մասը՝ ավելի քան 19 հազար տոննա, արտահանվել է Ռուսաստան․ սա 63 տոկոսով ավելին է, քան 2014-ին:

Ռուսաստանից բացի, Վրաստանը մանդարին է արտահանել նաև Ուկրաինա, Հայաստան, Ղազախստան, Ադրբեջան և Բելառուս:

Ցիտրուսները Վրաստանում խորը աշնանն են հասունանում, բերքահավաքը, պահեստավորումը, արտահանումը դեռ ընթացքի մեջ է: Բայց վերջին օրերին երկրի արևմտյան շրջաններում առատ ձյան և ձնաբքերի պատճառով արտահանումը խիստ սահմանափակվել է:

Ընդհանուր առմամբ, Վրաստանում ակնկալվում է 130-135 հազար տոննա ցիտրուսային բերք հավաքել: Վերջին տարիների համեմատ մանդարինի, նարնջի և կիտրոնի բերքը այս տարի շատ ավելին է՝ 70 տոկոսով ավելի, քան 2014-ին, և նաև ավելացել են արտահանման հնարավորությունները, այդ թվում՝ Ռուսաստան:

Հիշեցնենք, որ 2006 թվականից Ռուսաստանը սկսեց սահմանափակել վրացական ապրանքների ներկրումը․ նախ արգելվեց գինիների և հանքային ջրերի, հետո էլ՝ գյուղատնտեսական ապրանքների ներմուծումը:

Վրաստանում Միխեիլ Սաակաշվիլիի նախագահությունից հետո նոր իշխանությունների օրոք Ռուսաստանի հետ աստիճանաբար երկխոսություն սկսվեց: 2013 թվականի փետրվարից երկու երկրները համաձայնեցին վերականգնել վրացական ապրանքների արտահանումը Ռուսաստան․ սկզբում վերականգնվեց գինիների, հանքային ջրերի, հետո՝ չորացրած մրգերի և գյուղատնտեսական որոշ ապրանքների արտահանումը, իսկ հիմա Վրաստանից Ռուսաստան գործնականում արտահանվում են բոլոր տեսակի մրգերը, ցիտրուսներ և բանջարեղեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG