Stratfor վերլուծական կենտրոնի պատրաստած վերջին զեկույցի համաձայն, 2016 թվականի ընթացքում Ռուսաստանի և Թուրքիայի առճակատումը պետք է սրվի։
Հաջորդ տարվա աշխարհաքաղաքական հիմնական կանխատեսումների զեկույցում ամերիկացի փորձագետները նշում են, որ չնայած «Իսլամական պետություն» կազմակերպության թուլացմանը` Եվրոպայում և Մերձավոր Արևելքում 2016 թվականին ահաբեկչական ակտիվությունը կաճի։
«Իսլամական պետության» դեմ պայքարում Թուրքիան կամրապնդի իր դիրքերը։ Հավանաբար, կնախաձեռնի ցամաքային գործողություն Սիրիայի հյուսիսում և կավելացնի զորամիավորումներն Իրաքում։ Ընդ որում, թուրքերն, ըստ Stratfor-ի, ոչ միայն պայքարելու են «Իսլամական պետության» դեմ, այլև փորձելու են զսպել Սիրիայի քրդերին։
Ռուս-թուրքական առճակատումը հնարավոր չի լինի կանխել, թեպետ երկու երկրներն էլ չեն ցանկանում վերջնականապես խզել տնտեսական հարաբերությունները։ Թուրքերի գործողություններն անխուսափելիորեն կհանգեցնեն Անկարայի և Մոսկվայի շահերի բախման։
Վերլուծաբանները միաժամանակ նշում են, որ Ռուսաստանն, ըստ էության, չէր ցանկանա թուրքերի հետ հարաբերությունների հետագա սրացում, քանի որ Թուրքիան հսկում է Սև և Միջերկրական ծովերը կապող ռազմավարական նշանակության նեղուցները։
Բայց բախումից խուսափել շատ դժվար կլինի, որովհետև Ռուսաստանն ավելացնում է իր ռազմական ներկայությունը Սիրիայում և կփորձի խափանել այդ երկրում թուրք զինվորականների նախաձեռնությունները։
Stratfor-ը ենթադրում է, որ երկու պետությունները չեն ցանկանա հակամարտությունը տեղափոխել ռազմական ոլորտ, քանի որ դա հղի է ամբողջ աշխարհի համար հիրավի անկանխատեսելի հետևանքներով։
Սակայն չի կարելի ամբողջությամբ բացառել վտանգավոր միջադեպերի կրկնությունը. դրա կապակցությամբ ամերիկացի փորձագետները հիշատակում են նոյեմբերի 24-ին թուրքական «Ֆանտոմ»-ների կողմից ռուսական Սու-24 ինքնաթիռը վայր գցելու պատմությունը, որը Մոսկվան անվանել է «դավաճանական հարված թիկունքից» և «ռազմական ստոր հանցագործություն»։
Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները բավական լարված էին նախքան Սու-24-ի կործանումը։ Անկարան կտրականապես դեմ է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին պաշտպանելու Մոսկվայի դիրքորոշմանը։
Սեպտեմբերի 30-ին, երբ ռուսները սկսեցին օդային արշավը, այդ վեճն է'լ ավելի սրվեց, իսկ Սու-24-ի կործանումը պարզապես դարձավ այն ջրբաժանը, որից հետո ռուս-թուրքական հարաբերությունները կարելի է որակել մեկ տերմինով` «ծանր ճգնաժամ»։