Մատչելիության հղումներ

Ադրբեջանի խորհրդարանը ներկայացնում է վիրավորական հակաամերիկյան օրինագիծ


Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Հաշվի առնելով տոնական օրերի բարձր տրամադրությունը, ցանկանում էի հոդվածումս անդրադառնալ մի ուրախ թեմայի: Սակայն երբ տեսա Սուրբ Ծննդյան տոների նախօրեին Ադրբեջանի խորհրդարան ներկայացված արտառոց օրինագծի տեքստը, հասկացա, որ չէի կարող դրանից ավելի զվարճալի և միաժամանակ զզվելի նյութ ընտրել:

Առաջարկված ադրբեջանական օրինագիծը հակադարձ քայլ է ԱՄՆ Կոնգրեսի թիվ 4264 բանաձևի դեմ («2015 թ. Ադրբեջանում ժողովրդավարության մասին ակտ»), որը ներկայացվել է Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Քրիս Սմիթի կողմից դեկտեմբերի 16-ին՝ կոչ անելով մուտքի արտոնագիր չտրամադրել Ադրբեջանի ղեկավարներին, նրանց բիզնես գործընկերներին, ինչպես նաև անվտանգության և իրավապահ մարմիններին: Բանաձևը նաև պահանջում է կրճատել ամերիկյան տնտեսական և էներգետիկ նախագծերը Ադրբեջանի հետ:

Կոնգրեսական Սմիթը քննադատել է Ադրբեջանի կառավարությանը՝ լրագրողներին, ընդդիմադիր առաջնորդներին և իրավապաշտպաններին ազատազրկելու, կեղծ ընտրություններ անցկացնելու և կրոնական փոքրամասնությունների իրավունքները ոտնահարելու համար:

Կոնգրեսական Սմիթի նախաձեռնությանը հակադարձելու նպատակով Ադրբեջանի խորհրդարանի (Միլի մեջլիսի) Իրավական քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Ռովշան Ռզաևը դեկտեմբերի 24-ին համարձակորեն շտապեց առաջարկել իր պատասխան օրինագիծը, որով.

1) Թույլ չի տրվում մուտք գործել Ադրբեջան՝ Միացյալ Նահանգների պաշտոնյաներին և նրանց ընտանիքի անդամներին, սենատորներին և Ներկայացուցիչների պալատի անդամներին, որոնք ներգրավված են Ադրբեջանը վարկաբեկելու գործում, Հայկական սփյուռքի հետ համագործակցող քաղաքական գործիչներին, լրագրողներին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին և փորձագետներին, որոնք «արատավոր արշավ են վարում Ադրբեջանի դեմ», ամերիկացիներին, որոնք «հսկայական միջոցներ են վաստակել ամերիկյան իշխանությունների հետ համագործակցելով», քաղաքական գործիչներին, որոնք ընտրվել են Հայկական սփյուռքի և լոբբիստական խմբերի աջակցությամբ, անձանց, որոնք կեղծել են ԱՄՆ-ի ընտրությունները, և վերջապես նրանց, որոնք «դեմ են եղել ԱՄՆ-ի կողմից մարդու իրավունքների միջազգային պայմանագրերի վավերացմանը»...

2) Դադարեցվում են բոլոր գործարար կապերը ադրբեջանական և ամերիկյան ընկերությունների միջև.

3) Արգելվում է ամերիկյան հասարակական կազմակերպությունների կողմից ծրագրերի իրականացումը Ադրբեջանում և փակվում են նրանց բանկային հաշիվները, դադարեցվում է այն հասարակական կազմակերպությունների գործունեությունը Ադրբեջանում, որոնք ֆինանսավորվում են ԱՄՆ կառավարության և Կոնգրեսի կողմից, և վերջ է դրվում ամեն տեսակի «համագործակցությանը Միացյալ Նահանգների հետ՝ առևտրի, էներգետիկայի, ռազմական և անվտանգության ոլորտներում», ադրբեջանական զորքերը դուրս են բերվում համատեղ ռազմական գործողություններից Աֆղանստանում, արգելվում է ամերիկյան ռազմական և քաղաքացիական ապրանքների անցումը Ադրբեջանի տարածքով, և հեռացվում է Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի միջնորդական խմբի ԱՄՆ համանախագահը:

Անհավատալիորեն, առաջարկված ադրբեջանական օրինագիծը հանձնարարում է Միացյալ Նահանգներին էական բարեփոխումներ և փոփոխություններ իրականացնել հետևյալ ոլորտներում՝ նախքան Ադրբեջանի կողմից սահմանված պատժամիջոցները վերացնելը.

1) Մարդու իրավունքների խախտումներ, ռասայական և կրոնական խտրականություն, այլատյացության և իսլամաֆոբիայի դրսևորումներ և անմարդկային վերաբերմունք բանտարկյալների նկատմամբ.

2) Անհամաչափ ուժի կիրառում ցուցարարների դեմ.

3) Խոսքի և մամուլի ազատության սահմանափակումներ և ԱՄՆ քաղաքացիների անձնական կյանքի իրավունքի խախտումներ.

4) Կոռուպցիա և լոբբիստական գործունեություն.

5) Համատարած ընտրակեղծիքներ.

6) Միջամտություն օտարերկրյա պետությունների ներքին գործերին.

7) Զրպարտություն և արատավորման արշավ Ադրբեջանի Հանրապետության դեմ.

8) Աներկբա դիրքորոշում «Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ՝ միջազգային իրավունքին համապատասխան, պատժամիջոցներ ագրեսոր երկրի [Հայաստան] նկատմամբ, և ոչ մի կապ Լեռնային Ղարաբաղի անջատողական վարչակարգի հետ»:

Ադրբեջանի առաջարկած օրինագծի ծավալուն տեքստում Միացյալ Նահանգների կառավարությունը մեղադրվում է բազում խախտումների համար, ինչպիսին են.

1) ՄԱԿ-ի մարդու իրավունքների 16 պայմանագրերից 12-ի վավերացումից հրաժարում.

2) Աճող ռասայական և կրոնական խտրականություն, այլատյացություն և իսլամաֆոբիա. «Ժողովրդի գրեթե 50 տոկոսի սպանություն ոստիկանության կողմից, Նյու Յորքում ձերբակալված և սպանված անձանց 70 տոկոսը սևամորթ է, իսկ 20-29 տարեկան սևամորթ անձանց մեկ երրորդը գտնվում է բանտերում».

3) Ցեղասպանություն Միացյալ Նահանգների բնիկ ժողովրդի դեմ, որի հետևանքով սպանվեցին «ավելի քան երեք միլիոն ամերիկացի հնդկացիներ».

4) «Ավելի քան 12 միլիոն ստրուկների» ներմուծում Աֆրիկայից.

5) Խոսքի և մամուլի ազատության ոտնահարումներ, հետախուզական գործակալությունների ապօրինի ներխուժումներ մարդկանց անձնական կյանք, համատարած գաղտնալսում և հալածանք, իսկ «ոստիկանության հարձակումները ու լրագրողների ձերբակալությունները սովորական երևույթ են դարձել Միացյալ Նահանգներում».

6) «Իրավական կոռուպցիա և լոբբինգ». միայն 2015 թ. առաջին ամիսների ընթացքում 2320 քրեական գործ է հարուցվել կաշառակերության մեղադրանքով տարբեր մակարդակի պաշտոնյաների նկատմամբ.

7) Համատարած կեղծիքներ ԱՄՆ ընտրություններում.

8) «Միջամտություն անկախ պետությունների ներքին գործերին՝ ահաբեկչության դեմ պայքարի և ժողովրդավարություն հաստատելու պատրվակով».

9) Աջակցություն «անջատողական ռեժիմներին», ինչպիսին Լեռնային Ղարաբաղն է:

Թեև, ճիշտ է, Միացյալ Նահանգներում ժողովրդավարական համակարգը կատարյալ չէ, սակայն երբ աշխարհի ամենակոռումպացված և բռնապետական վարչակարգերից մեկի խորհրդարանն է քննադատում ամերիկյան կառավարությանը և նրա թերությունները, խիստ ծիծաղելի է և վիրավորական...

Քանի որ Ադրբեջանը ԱՄՆ-ի կարիքը ավելի շատ է զգում, քան ԱՄՆ-ը՝ Ադրբեջանի, ապա հուսով ենք, որ Ադրբեջանի խորհրդարանը արագորեն կընդունի առաջարկված օրինագիծը և կխզի բոլոր կապերը Միացյալ Նահանգների հետ: Բարի ազատում... Հիմա ամերիկացիներն ավելի մեծ ուրախությամբ կնշեն Ամանորը...

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG