Մատչելիության հղումներ

Մարզպետարանի լրացուցիչ հիմնավորումը համոզե՞լ է կառավարությանը


Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության այսօրվա նիստում մերժեց Արմավիրի մարզպետարանի առաջարկը՝ հավելյալ 8.5 մլն դրամ հատկացնել էլեկտրաէներգայի դիմաց կուտակված պարտքը մարելու համար:

Ավելի ուշ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը «Ազատության»-ը տեղեկացրեց, որ վարչապետն ընդունել է իրենց երկրորդ հիմնավորումը և բավարարել է մարզպետի դիմումը․ - «Գալիք տարվա առաջին նիստով մեր այդ համապատասխան գումարը կտրամադրվի»:

Կառավարությունից այս տեղեկությունը ճշտել չհաջողվեց, քանի որ վարչապետի մամուլի խոսնակն այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանն այս հարցով դեռ անցած շաբաթ էր դիմել վարչապետին՝ առաջարկելով տնտեսված գումարների մի մասը հատկացնել մարզպետարանի պարտքի մարմանը:

«Ամառվա ամիսներին նորմայից ավելի շատ օգտագործվել են օդորակիչները», - հիմնավորել էր փոխնախարարը:

«Ես հանձնարարել եմ աշխատակազմի ղեկավարին: Սա չեմ ստորագրի, մինչև հիմնավորումը չլինի․․․ ի՞նչ է նշանակում լրացուցիչ օգտագործել են, ինչի՞ համար են օգտագործել․․․ Պիտի հիմնավորվի», - հակադարձել էր Հովիկ Աբրահամյանը:

Սակայն մարզպետի ուղարկած հիմնավորումը ստանալուց հետո էլ վարչապետը չէր փոխել որոշումը:

Այսօր ավելի վաղ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հեռախոսով հրաժարվեց պատասխանել «Ազատության» հարցերին: Հրաժարվեց նաև մարզպետարանում ընդունել «Ազատության» թղթակցին: Ի վերջո, տեղի տալով «Ազատության» թղթակցի համառ պնդումներին, ասաց, թե դա «ոչ թե ամիսների, այլ տարիների պարտք է»:

Մարզպետարանը, ըստ Ղահրամանյանի, գրեթե 100 տոկոսով համալրվել է նոր համակարգիչներով, ձեռք է բերել 20-ից ավելի օդորակիչներ, և պարտքի մեծ մասը գոյացել է դրանց ծախսած հոսանքից․ - «Մենք ամբողջությամբ հիմնավորումը ներկայացրել ենք․․․ Ուղղակի բյուջեում նախատեսված չէր»:

Մեր աչքի առաջ մարզպետը դուրս եկավ շենքից՝ պնդելով, թե գնում է Երևան՝ կառավարություն: Շենքից դուրս գալուց րոպեներ անց, սակայն, վերադարձավ՝ մարզպետարանի տոնական միջոցառմանը մասնակցելու:

Արմավիրցիրները, հիշելով, թե ինչպես են ամեն անգամ պարտքի դեպքում կանգնում հոսանքազրկման վտանգի առաջ, ասացին՝ թող մարզպետարանն էլ հոսանքազրկվի, եթե միջոցները կառավարել չգիտի:

«Եթե գյուղի էլեկտրիկը անջատում ա իմ մի ամսվա չվճարվածը, թող մարզպետարանն էլ անջատի: Մարզպետը ո՛չ ինձնից ա լավ, ո՛չ էլ այդտեղ աշխատող իմ կնոջից, իմ երեխեքից․․․ Չե՞ն ուզում անջատեն, թող չուտեն», - «Ազատության»-ն ասաց միջին տարիքի մի տղամարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG