Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը Հայաստանի օգտին լրտեսության և դավաճանության մեջ մեղադրվող 54-ամյա հայտնի լրագրող Ռաուֆ Միրկադիրովին երեկ դատապարտել է 6 տարվա ազատազրկման:
Միրկադիրովի փաստաբան Ֆաուդ Աղաևը հայտարարել է, որ Միրկադիրովը քաղաքական է որակում իր նկատմամբ ադրբեջանական իշխանությունների հետապնդումները:
Նախքան 2014-ին իր ձերբակալությունը Միրկադիրովը թղթակցում էր Բաքվում լույս տեսնող «Զերկալո» ռուսալեզու թերթին:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Միրկադիրովին ազատազրկելը փորձում է հիմնավորել պնդումներով, թե հայկական հատուկ ծառայությունները 2008 թվականին հավաքագրել են լրագրողին, և նա տրամադրել է Ադրբեջանի վերաբերյալ տեղեկություններ: Ըստ մեղադրանքի՝ Միրկադիրովը «հայկական գործակալներին» հանդիպել է մի քանի անգամ՝ Հայաստանում, Վրաստանում և Թուրքիայում, ու նրանց ապահովել է Ադրբեջանի վերաբերյալ «լուսանկարներով ու փաստաթղթերով, որոնք վնասել են Ադրբեջանի անվտանգությունը և պաշտպանական կարողությունները»:
Ըստ մեղադրանքի, Միրկադիրովը Հայաստանի օգտին լրտեսությամբ է զբաղվել իրավապաշտպան ամուսիններ Լեյլա և Արիֆ Յունուսների հետ միասին:
Լեյլա և Արիֆ Յունուսները, հիշեցնենք, ավելի վաղ դատապարտվել էին հարկերից խուսափելու, խարդախության մեղադրանքներով, սակայն նրանց առողջության հետ կապված խնդիրների պայմաններում վերաքննիչ դատարանը այս ամիս մեղմացրեց պատիժը՝ համապատասխանաբար 8․5 և 7 տարվա ազատազրկման դատավճիռները փոխարինելով պայմանական ազատազրկմամբ: Նրանց առաջադրված դավաճանության մեղադրանքով գործը դեռևս դատարան չի հասել:
Երեկ դատապարտված Միրկադիրովը հայտնի է Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների հասցեին քննադատական հոդվածներով: Նա 2008 թվականին արժանացել է Արևելյան Եվրոպայի ազատ մամուլի մրցանակին՝ անկախ մամուլի ասպարեզում ներդրում անելու շնորհիվ:
Միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն անցած մեկուկես տարում Ադրբեջանի իշխանություններից պահանջել են դադարեցնել հետապնդումները լրագրողի նկատմամբ:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ լրագրողը «նախագահ Իլհամ Ալիևի վերջին զոհերից է, որոնք հանդես են գալիս ռեժիմի քննադատությամբ»:
Human Rights Watch-ը Միրկադիրովի դեմ Ադրբեջանի իշխանությունների ներկայացրած մեղադրանքը բնորոշել էր որպես «պատիժ՝ կարծիք արտահայտելու համար»: