Կրեմլը յուրօրինակ նվեր է մատուցում ռուսաստանցի քաղաքական գործիչներին։ «Խոսքեր, որոնք փոխում են աշխարհը» գրքի մեկական օրինակ բաժանվել է մոտ հազար պաշտոնյաների։ Գրքում ընդգրկված են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հնչեցրած առավել հայտնի մեկնաբանություններն ու հայտարարությունները։
Ժողովածուն լույս է ընծայել «Սետ» (“Сеть”) հրատարակչությունը, որը պետությունից խոշոր դրամաշնորհներ է ստանում։ Գրքում, ըստ Կրեմլի, «ներառված են սկզբունքները, որոնցով երկրի բարձրագույն իշխանությունը առաջնորդվում է քաղաքական կարևորագույն որոշումներ կայացնելիս»։
Անցած շաբաթ Ռուսաստանի նախագահի աշխատակազմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն, որի ընթացքում Կրեմլը բոլոր քաղաքական գործիչներին հորդորել է անպայման ընթերցել ժողովածուն։
Այդ խորհրդակցությանը մասնակցել է շուրջ հինգ տասնյակ պաշտոնյա` Պետական դումայի պատգամավորներ, Դաշնության խորհրդի սենատորներ և Հանրային խորհրդի անդամներ։
Խորհրդակցությունը վարել է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վյաչեսլավ Վոլոդինը։
«Խոսքեր, որոնք փոխում են աշխարհը» պետք է դառնա ցանկացած քաղաքական գործչի սեղանի գիրքը», - ասել է Վոլոդինը։
Խորհրդակցությունից հետո նա սկսել է որպես ամանորյա նվեր գրքի օրինակներն ուղարկել պաշտոնյաներին։
Ժողովածուն, մասնավորապես, ստացել են «Ղրիմի Պետական խորհրդի» նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը, Հրեական ինքնավար մարզի Հանրային խորհրդի քարտուղար Նատալյա Մատիենկոն, նահանգապետեր, շրջանների օրենսդիր մարմինների ղեկավարներ և ուրիշներ։
РБК լրատվական գործակալության փոխանցմամբ, Կրեմլն ամեն տարի է Ամանորի նախօրեին գրքեր նվիրում, դա նախագահի աշխատակազմի ներքաղաքական հարցերով անցկացրած կրթական ծրագրի բաղկացուցիչն է, աշխատակազմը տարվա ընթացքում նաև տարատեսակ սեմինարներ է կազմակերպում։
Նախկինում Վոլոդինը որպես ամանորյա նվեր քաղաքական գործիչներին է հանձնել Վլադիմիր Պուտինի կողմից բարձր գնահատված հեղինակների` փիլիսոփաներ Իվան Իլյինի, Վլադիմիր Սոլովյովի և Նիկոլայ Բերդյաևի գրքերը։
«Խոսքեր, որոնք փոխում են աշխարհը» 400-էջանոց գրքում ընթերցողը կգտնի Պուտինի 19 ելույթներ և հոդվածներ։ Առաջինը 2003 թվականին ՄԱԿ-ում Պուտինի ուղերձն է, վերջինը 2015 թվականի ուղերձն է։
Բացի այդ, գրքում կան Պուտինի աղմկահարույց ելույթը Մյունխենի անվտանգության համաժողովում, 2008 թվականին CNN ամերիկյան հեռուստակայանին տված հարցազրույցը, որը հեռարձակվել է Վրաստանի դեմ ռազմական գործողություններից հետո, նախընտրական ելույթները, ինչպես նաև Ղրիմը Ռուսաստանի կազմ ընդունելու օրը Դաշնային խորհրդում արտասանած ելույթը։
Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչները Պուտինի ժողովածուն հեգնանքով համեմատում են կոմունիստական Չինաստանի հիմնադիր Մաո Ցզե-Դունի ցիտատների ընտրանու` հանրահայտ «Կարմիր գրքույկի» հետ։