Մատչելիության հղումներ

Կալանավորն անհրաժեշտ հետազոտությունն անցել է միայն փաստաբանի միջամտությունից հետո


Փաստաբան Հայկ Ալումյան, արխիվ
Փաստաբան Հայկ Ալումյան, արխիվ

Օրեր առաջ փաստաբան Հայկ Ալումյանը բարձրաձայնել էր, որ նախկինում թոքախտով վարակված իր պաշտպանյալը կրկին առողջական ծանր վիճակում է, հնարավոր է հիվանդության կրկնություն, այնինչ նա պահվում է գերբեռնված՝ ավելի քան 14 կալանավորներով խցում:

Արդարադատության նախարարին, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանին հղած իր բողոքներում փաստաբան Ալումյանը նշել էր, որ ավելի քան մեկուկես տարի նախնական կալանքի տակ գտնվող Արմեն Համազասպյանը պահվում է ցրտի ու խոնավության մեջ:

«Վերջին տասն օրվա ընթացքում նրա մոտ նկատվել էին շատ մտահոգիչ ախտանիշներ՝ ծանր հևոցներ, դժվարությամբ էր կարողանում խոսել։ Ծանր առողջական վիճակում է գտնվում, և լուրջ մտավախություն կա, որ հանկարծ դա կարող է լինել տուբերկուլյոզի կրկնություն»,- «Ազատությանը» հայտնեց Ալումյանը։

Փաստաբանի պնդմամբ՝ որևէ լուրջ բժշկական օգնություն կալանավորին մինչև իր կողմից բարձրաձայնումը չի ցուցաբերվել.- «Բացառված չլինելով, որ տուբերկուլյոզ է նրա մոտ, նրան շարունակում էին պահել ընդհանուր խցում»։

«Ազատության» հարցին ի պատասխան՝ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ասաց, որ շաբաթ օրը իր հանձնարարականով ուսումնասիրվել է դատապարտյալի վիճակը:

«Այս պահի դրությամբ կարծես թե այն ախտորոշումը, որը փաստաբանը մատնանշում էր, մասնագետների պնդմամբ՝ չկա, բայց խնդիրը դեռևս քննարկման փուլում է։ Հետևողական եմ լինելու, անմիջապես, երբ արդյունքները լինեն, դուք դրա մասին տեղյակ կլինեք»,- ասաց արդարադատության նախարարը։

Փաստաբանի դիմումից հետո այսօր Արմեն Համազասպյանին էին այցելել Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները: Օմբուդսմենի տեղակալ Երանուհի Թումանյանցն «Ազատությանը» տեղեկացրեց, որ ուսումնասիրվել են բժշկական փաստաթղթերը, հայտնաբերվել է միայն բրոնխիտ, ինչի դեմ էլ կալանավորը հիմա բուժում է ստանում:

«Ըստ կալանավորի՝ նա մի քանի օր ունեցել է էդպիսի խնդիրներ, վատառողջ է եղել, տաքություն է ունեցել և այլն, և փաստորեն 25-ին են նրան տրամադրել բուժօգնությունը։ Նույն ամսի 25-ին էլ իրականացրել են ֆլյուորագրաֆիա հետազոտություն, որի արդյունքում կալանավորի մոտ տուբերկուլյոզ չի հայտնաբերվել»,- ասաց օմբուդսմենի տեղակալը։

Օմբուդսմենի տեղակալը նշեց, որ դեռ հավելյալ ստուգումներ են անցկացվելու տուբերկուլյոզը բացառելու համար: Ըստ Թումանյանցի՝ առկա փաստաթղթերով բժշկական օգնություն Համազասպյանին սկսել է ցուցաբերվել միայն դեկտեմբերի 25-ին՝ փաստաբանի կողմից խնդրի բարձրաձայնումից հետո:

Փաստաբան Ալումյանը մտավախություն ունի, որ եթե ինքը աղմուկ չբարձրացներ, կալանավորի վիճակը կշարունակեին անուշադրության մատնել:

«Այնտեղ կարող են լինել կալանավորներ, ովքեր բարձրաձայնելու հնարավորություն չունեն կամ չգիտեն ում դիմել, նրանք կարող է անգամ էսքանն էլ չստանան»,- ասաց Ալումյանը։

Օմբուդսմենի տեղակալը ևս փաստեց, որ կալանավայրերում կա գերբեռնվածության խնդիր, հաճախ կալանավորները ստիպված են հերթով քնել: Նման պայմաններում բուժօգնություն չտրամադրելը, ըստ օմբուդսմենի ներկայացուցչի, կարող է դիտարկվել որպես խոշտանգում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG