Մատչելիության հղումներ

Արամ Թոփչյանը «մեծ, ռիսկով» ծրագիր է ձեռնարկել


Թարգմանիչ Արամ Թոփչյանը ծրագրել է թարգմանել Շեքսպիրի գլուխգործոցները:

Բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը Թոփչյանի այդ նախաձեռնությունը «մեծ ու ռիսկով» է որակում:

Հովհաննես Թումանյանը 1894 թվականին գրել է․ - «Շեքսպիրը դարձել է մի չափ՝ ազգերի զարգացման աստիճանը որոշելու համար: Եթե մի ժողովուրդ նրան չի թարգմանում, կնշանակի տգետ է, եթե մի ժողովուրդ նրան չի հասկանում, կնշանակի տհաս է, եթե մի լեզու նրա վրա չի գալիս, կնշանակի տկար է»:

Ամենայն հայոց բանաստեղծն այս տողերը գրել է Թիֆլիսում 1892-ին Հովհաննես Մասեհյանի թարգմանությամբ «Համլետ»-ի լույս ընծայումից հետո: Դա թերևս նաև սկիզբն էր հայկական շեքսպիրագիտության հարուստ պատմության, որտեղ Մասեհյանի կողքին իրենց տեղը նվաճեցին Խաչիկ Դաշտենցը, Հենրիկ Սևանը, Սամվել Մկրտչյանը:

Բանասիրական գիտությունների դոկտոր, Մատենադարանի ավագ գիտաշխատող, բազմաթիվ գիտական աշխատությունների և թարգմանությունների հեղինակ Արամ Թոփչյանը հրատարակել է «Համլետ»-ի և «Լիր Արքա»-ի թարգմանությունները՝ գիտական մանրազնին մեկնաբանություններով ու ուսումնասիրությամբ:

«Շեքսպիրն այն հեղինակներից է, որոնք այս կամ այն օտար լեզվով թարգմանվում են պարբերաբար: Ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն և այլն կան տասնյակ թարգմանություններ: Այդպիսի հեղինակներ են, ասենք, Հոմերոսը, Վերգիլիոսը, Դանթեն, Սերվանտեսը, Գյոթեն և ուրիշներ: Դրանք այն մեծերն են, որ միշտ պետք է ներկա լինեն այս կամ այն մշակույթում: Եվ ամեն մի նոր թարգմանություն ոչ միայն երկը բացահայտում է նոր տեսանկյունից և ստեղծում մշակութային բազմազանություն ու հարստություն, այլև սա հրաշալի միջոց է տվյալ երկերը նորից շրջանառության մեջ դնելու համար»:

Արամ Թոփչյանի թարգմանությամբ «Համլետ»-ը հրատարակել է «Սարգիս Խաչենց» հրատարակչությունը, իսկ «Լիր Արքա»-ն՝ «Զանգակ»-ը:

Հատկապես շատ կարևոր են և ուշագրավ շեքսպիրյան այս ողբերգությունների թարգմանչի գիտական ընդգրկուն մեկնաբանություններն ու վերլուծությունները:

«Ազատության» հետ զրույցում Թոփչյանն ասաց, որ ծրագրում է թարգմանել նաև «Օթելլո»-ն և շարունակեց․ - «Նախատեսում եմ մի 5-6 գործ գոնե անել: Բոլորը չեմ հասցնի, որովհետև շատ են, բայց լավագույն գլուխգործոցները հույս ունեմ անել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG