Մատչելիության հղումներ

Ուկրաինայում հակամարտության գոտում գործադրվել են տանկեր


Ուկրաինա - Դոնբասում մարտական գործողությունների գոտում իրավիճակը պատկերող քարտեզ, 28-ը դեկտեմբերի, 2015թ․
Ուկրաինա - Դոնբասում մարտական գործողությունների գոտում իրավիճակը պատկերող քարտեզ, 28-ը դեկտեմբերի, 2015թ․

Ուկրաինայում հակամարտության գոտում վերջին ամիսներին պահպանված հարաբերական անդորրը խախտվել է անցած երկու օրերին: Երկրի պաշտպանական գերատեսչության հաղորդմամբ, էականորեն սրվել է իրավիճակը ռուս-ուկրաինական սահմանին:

Երեկ ուկրաինական կողմը հաղորդեց երկու զոհի մասին․ կիրակի օրը զոհվել են զինծառայող և խաղաղ բնակիչ՝ տարեց կին:

Վերջին մեկ օրում, ըստ պաշտոնական պնդումների, անջատականները Դոնբասում հրադադարի ռեժիմը խախտել են 35 անգամ: Երեկ երեկոյան ժամը 18-ից հետո մինչև կեսգիշեր ուկրաինական բանակի պաշտպանական դիրքերի ուղղությամբ 13 անգամ կրակ է բացվել խոշոր տրամաչափի զենքերի՝ գնդացիրների և նռնականետերի կիրառմամբ:

Ուկրաինայի պաշտպանության նախարարության խոսնակ Օլեքսանդր Մոտուժյանուկը լրագրողներին ասել է, որ անջատականները Դոնեցկից 55 կիլոմետր հեռու՝ Զայցևե գյուղում գործադրել են նաև տանկեր:

Ուկրաինական բանակի ներկայացուցիչը նշել է, որ Շիրոկինոյի ուղղությամբ ռուսամետ անջատականները գործադրել են Մինսկի համաձայնագրով արգելված խոշոր տրամաչափի զինատեսակներ՝ ականանետեր և նռնականետեր:

Ըստ ուկրաինական կողմի պնդումների, Նովոսելովկայում կրակոցներ են արձակել դիպուկահարները: Իրավիճակը լարվել է նաև Հորլովկայում:

Դոնբասի ռուսամետ անջատականները, իրենց հերթին, ուկրաինական կողմին են մեղադրում իրավիճակը սրելու մեջ: Անջատականների առաջնորդ Էդուարդ Բասուրինը հայտարարել է, թե հրադադարի ռեժիմի խախտումներն իրենց կողմից չեն եղել: Լուգանսկում զերծ են մնում իրավիճակը սրելու պատճառները հստակեցնելուց:

Շփման գծում հրադադարի վերաբերյալ համաձայնագիրը ստորագրվել է այս տարվա փետրվարին՝ Մինսկում: Ռուս-ուկրաինական սահմանին իրավիճակը վերջին ամիսներին համեմատաբար հանդարտվել էր, Դոնբասում հրադադարի ռեժիմի խախտում անցած 4 ամիսներին հազվադեպ էր տեղի ունենում:

ՄԱԿ-ի տվյալներով, 2014 թվականից՝ Ղրիմի բռնակցումից հետո Արևելյան Ուկրաինայում զոհերի թիվը, առավելապես՝ խաղաղ բնակչության շրջանում, հատել է 9 հազարը:

Պաշտոնական Կիևը, Միացյալ Նահանգները, Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն Ռուսաստանին են մեղադրում Ուկրաինայի արևելքում պատերազմական գործողություններ նախաձեռնելու մեջ, Մոսկվա, մինչդեռ, հերքում է այդ մեղադրանքները:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը այսօր լրագրողների հետ զրույցում չի բացառել, որ մինչև տարեվերջ «Նորմանդական քառյակի»՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչները հեռախոսով քննարկեն Արևելյան Ուկրաինայում տիրող իրավիճակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG