Վերջերս Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արդեն նախկին գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը ծանուցագիր է ստացել, որից տեղեկացել է, որ գլխավոր դիրիժորի հաստիք Օպերային թատրոնն այլևս չունի, և ինքը, փաստորեն, արդեն զրկվել է աշխտանքից։
Ըստ Դուրգարյանի, հաստիքը կրճատելու պատճառաբանությունը թատրոնում կառուցվածքային փոփոխություններն են։ Դիրիժորն այսօր հրավիրված ասուլիսին պնդեց՝ իր աթոռից կառչած չէ, բայց նվագախումբը պետք է դիրիժոր ունենա։
Դուրգարյանի խոսքով, ինքը չգիտի, թե ինչու են իրեն հեռացնում թատրոնից, բայց ասաց՝ դասական արվեստը միջազգային է, ինքն առանց աշխատանքի չի մնա, քանի որ ունի իր տեղն ու իր հասցեն։
«Ստացա ծանուցագիր, որտեղ նշված էր՝ այս, այս, այս պատճառներով Դուք չեք զբաղեցնում այդ պաշտոնը: Իմ իրավաբանները ասում են, որ բազմաթիվ խախտումների պատճառով մենք կարող ենք ջախջախել այս ամենը: Իմ ընտանիքը դեմ է, որպեսզի մենք գնանք այդ ուղղությամբ, որովհետև մեր առողջությունն ավելի կարևոր է, և երկրորդը՝ կստացվի, որ ես իմ զբաղեցրած աթոռի համար կռիվ եմ անում», - ասաց Դուրգարյանը:
Գլխավոր դիրիժորի հաստիքի վերացումը նվագախումբը քայքայելուն ուղղված քայլ համարող Դուրգարյանը ընդհանուր առմամբ խուսափեց խոսել այն մասին, թե ինչու են որոշել կառուցվածքային փոփոխություններ անել թատրոնում, թե ինչ հարաբերություններ ունի ինքը Օպերայի և բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի հետ։
Օպերայի գեղարվեստական ղեկավարը նույնպես վերջին օրերին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցներում սակավախոս է եղել: «Հրապարակ»-ի հետ զրույցում միայն նշել է, որ մանրամասնելու բան չկա՝ «նոր բան են ցանկանում անել, նոր ծրագրեր ունեն»:
Հայտարարություն էր տարածել Օպերային թատրոնը, որտեղ նշված էր, որ այս քայլն ուղղված է բացառապես ստեղծագործական որակի բարձրացմանը, իսկ Կարեն Դուրգարյանին առաջարկվել է շարունակել աշխատել որպես թատրոնի դիրիժոր, սակայն վերջինս հրաժարվել է։
Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը մինչդեռ նույնպես չի կարծում, որ գլխավոր դիրիժորի հաստիքի վերացումը կարող է նպաստել որակի բարձրացմանը։ «Դուք պատկերացրեք այն նավը, որ չունի գլխավոր կապիտան.... երաժիշտը, որն օգնում է սիմֆոնիկ նվագախմբին, տվյալ դեպքում, օգնել բոլորին լինել միասնական գեղագիտական արժեքները ցուցադրելու համար», - ասաց կոմպոզիտորը:
Ամիրխանյանը քննադատեց, ոչ միայն հաստիքի վերացումը, այլև թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի վարած քաղաքականությունը։ «Այն ութ տարիների ընթացքում, երբ Գեղամ Գրիգորյանը ղեկավարեց, չեմ ուզում գնալ անձերի պատմությամբ, բայց ուզում եմ հարցնել, թե որևէ նախաձեռնություն եղե՞լ է ազգային օպերային արվեստում, թե էդքան հսկայական միջոցներ մենք ծախսենք, որպեսզի իտալական օպերաներ կամ այլ ստեղծագործական դպրոցի գործեր ներկայացնենք... ինչի՞ համար են այս բոլորը, եթե մենք առաջնահերթ մեր ինքնությունը ներկայացնելու խնդիրը չունենք: Ո՞ւր է այս խնդիրը Օպերային թատրոնի առջև», - ասաց Ամիրխանյանը:
Կոմպոզիտորը չբացառեց, որ ավելի ուշ հաստիքը կարող են վերականգնել, բայց նշեց. - «Ես լսել եմ, որ այստեղ նաև տենդենցներ կան օտար որևէ մարդու բերել, նվագախմբի ղեկավար դնել: Առաջին հերթին «ոչ» ասողը ես կլինեմ սրան, որովհետը օտար մարդը մեր օպերային խնդիրներով չի կարող ապրել», - ասաց Ամիրխանյանը: