Մեկնաբանելով ավելի վաղ արած իր այն հայտարարությունը, որ եթե Ադրբեջանը չի հասկանում բանակցային լեզուն, կա բացատրելու այլ լեզու, Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ «այդ լեզուն այսօր էլ կիրառվում է»: Դա, ըստ խորհրդարանի ղեկավարի, հայկական կողմից իրականացվող պատժիչ գործողություններն են:
Սահակյանի խոսքով, վերջին շրջանում Ադրբեջանի գործողությունները պայմանավորված են նաև միջազգային իրադրությամբ: Մասնավորապես, Բաքուն փորձում է օգուտներ քաղել Մերձավոր Արևելքում ստեղծված վիճակից: ԱԺ նախագահը, անկախ ամեն ինչից, կարևոր է համարում հակամարտող կողմերի ղեկավարների հանդիպումները՝ նշելով, որ բանակցությունների այլընտրանքը պատերազմն է: Գալուստ Սահակյանի կարծիքով, սակայն, առաջիկայում լայնամասշտաբ պատերազմական գործողություններ չեն սպասվում:
Մեկնաբանելով օրերս Մոսկվայում ՀԱՊԿ նստաշրջանում Սերժ Սարգսյանի ունեցած սուր ելույթը, որում Սարգսյանը կշտամբանք էր հնչեցրել ՀԱՊԿ գործընկեր երկրների հասցեին՝ Հայաստանի խնդիրներին չարձագանքելու համար, Գալուստ Սահակյանն ասաց՝ հարցն այս անգամ ավելի սուր դրվեց, և առարկողներ չեղան: Այդուհանդերձ, Աժ նախագահը նկատում է՝ կազմակերպության անդամ երկրներն առաջնորդվում են իրենց շահերով:
Աննա Իսրայելյանի «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի այս թողարկման ընթացքում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն անդրադառնում է նաև ներքաղաքական հարցերի, այդ թվում՝ սահմանադրական փոփոխություններին, նոր Ընտրական օրենսգրքի ընդունմանն առնչվող առաջիկա զարգացումներին: