Բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով 2015 թվականի ընթացքում թատերական աշխարհի ձեռքբերումներին՝ ասաց, որ, ինչպես և նախորդ տարիներին, այս տարի ևս մի քանի ուշագրավ, հետաքրքիր ներկայացումներ է դիտել, մասնավորապես՝ Դրամատիկական թատրոնում, Տիկնիկային թատրոնում, այլուր:
Ծատուրյանի խոսքով՝ երիտասարդ բեմադրիչների լավ սերունդ է ի հայտ եկել․ նա առանձնացրեց Նարինե Գրիգորյանի և Զառա Անտոնյանի անունները․ - «Իսկ ընդհանուր մակարդակը, իհարկե, ցածր է: Ֆեյսբուքում էն օրը նայեցի՝ կին է, ինչ-որ կարճամետրաժ ֆիլմ ա․․․ Տենց բաները, որ նայում եմ, ասում եմ՝ բայց ես կարող է, չէ՞, նորվեգացի ծնված լինեի, ինչո՞ւ հայ ծնվեցի․․․ Ախր ահավոր անշնորհք ենք․․․ Էն որ անշնորհք ա, ասում ես՝ լավ էլի, ինչքա՞ն փող տանք, որ չանի․․․ Դա ցավից եմ ասում»:
Կեսկատակ ասաց, թե լավագույն բեմադրությունները 2015 թվականին տեղի են ունեցել պառլամենտում․ - «Ընենց դերասանություն․․․ մենք ղալաթ ենք արել: Ես անընդհատ պառլամենտի նիստերը նայում եմ, որ սովորեմ ոնց աշխատեմ դերասանների հետ: Ընդհանրապես ամբողջ քաղաքականությունը դա շատ փիս դերասանություն ա․․․ ոչ ճիշտ լինելու իմաստով: Ամբողջը ստի վրա է կառուցված, բայց նենց են էդ սուտը մատուցում, որ ասում ես՝ ղալաթ եմ արել սրանց մի բան եմ ասել․․․ Վայ, նենց լավն են, ուղղակի ուզում ես բռնես, պաչես․․․ Է, տակը սատանա ա նստած․․․»:
Հիշեցնելով Կոնֆուցիոսի հանրահայտ ասույթը՝ ամոթ է լինել աղքատ հարուստ պետության մեջ, և անբարոյական է լինել հարուստ աղքատ պետության մեջ, Ծատուրյանը նշեց․ - «Սրանով ամեն ինչ ասված է»:
Շատերի պես Նիկոլայ Ծատուրյանն էլ համոզված է, որ արվեստը, կինոն ու թատրոնը, գրականությունը բավարար չափով չեն ֆինանսավորվում, բայց անգամ եթե ֆինանսավորվեն, չի կարելի պնդել, թե հենց վաղը անմիջապես հանճարեղ գործեր կծնվեն․ - «Որպեսզի մեր արվեստի մակարդակը բարձրանա, միջազգային հանձնաժողովներ պետք է ստեղծեն․․․ Ոչ թե Սաշիկն ա, Վարսիկն ա, չեմ իմանում ով ա․․․ Կուստուրիցաները, որոնց ուղարկում եք, նայում են ներկայացումները և իսկապես գնահատական են դնում»:
«Ազատության» հարցին, թե ինչ կարող է ասել վերջին 10 տարիների ընթացքում թատերական ասպարեզում զարգացումների մասին, Ծատուրյանը պատասխանեց, թե զարգացում, անշուշտ, կա, բայց թատերական մթնոլորտ չկա, թատրոնի շունչը չկա, թատրոնի շնչառությունը չես զգում: