Մատչելիության հղումներ

ՊՆ խոսնակ. «Հրադադար մենք, ըստ էության, այլևս չունենք»


Արծրուն Հովհաննիսյանը ասուլիսի ժամանակ, 22-ը դեկտեմբերի, 2015թ.
Արծրուն Հովհաննիսյանը ասուլիսի ժամանակ, 22-ը դեկտեմբերի, 2015թ.

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում գիշերը համեմատաբար խաղաղ է անցել։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Խորհուրդ տալով ղարաբաղյան հակամարտության մասին խոսելիս «խաղաղ» բառն այսուհետ չկիրառել՝ նա հայտարարեց․ - «Մենք չունենք խաղաղություն, մենք ունենք հարաբերական հանգիստ։ Կարծում եմ, ոչ մեկի համար այլևս գաղտնիք չէ, և չի մնացել մի մասնագետ, մի փորձագետ, անգամ մի վերլուծաբան բանակից հեռու, որ այս իրավիճակը պատերազմով չի գնահատում։ Սա պատերազմ է, և ես կխնդրեի ձեր ընդհանուր գրական տերմինաբանության մեջ օգտագործել և՛ «պատերազմ» բառը, և՛ չօգտագործել «հրադադարի խախտում» բառը, որովհետև հրադադար մենք, ըստ էության, այլևս չունենք»։

Ըստ պաշտոնական հաղորդագրությունների, դեկտեմբերի սկզբին ադրբեջանական բանակը հրադադարի հաստատումից հետո առաջին անգամ կրակեց տանկերով, ինչպես նաև զենիթահրթիռային կայանքով ու հաուբից հրանոթներով։ Հովհաննիսյանի խոսքով, անցումը ծանր զինատեսակներին հուսահատ քայլ է, որը ցույց է տալիս Ադրբեջանի ձախողումները։

«Ինչի՞ ինքը տրամաչափը հասցրեց D-30-ի [հաուբից] կամ տանկի՝ որովհետև նախորդ բոլոր միջոցներով խոցելուց հետո մեկ զինվոր, երկու զինվոր՝ մահացավ հայկական կողմից, ինքը ստացավ ավելի հուժկու հակահարված, կամ թույլ չտվեցինք, որ դրանից ավել ինքը աներ, դրան գումարած՝ ինքն իրա ընդհանուր խնդիրը տապալեց՝ իր գերագույն գլխավոր հրամանատարին զեկուցեց, որ իրա մոտ չի ստացվել որևէ բան, հաջորդ անգամ փորձում է տրամաչափը մեծացնել, որպեսզի ուրիշ խնդիր կատարի», - ընդգծեց Արծրուն Հովհաննիսյանը։

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակի փոխանցմամբ, սպառազինությունից բացի՝ հակառակորդը փոփոխել է նաև դիվերսիոն գործողությունների մարտավարությունն ու կազմը, ինչը, ըստ նրա, կրկին հայկական բանակի հզոր դիմադրության արդյունքն է։

«Այսօր հակառակորդն իր հատուկ նշանակության ուժերի հյուծման ճանապարհով է գնում։ Այսինքն՝ չհաջողելով որևէ բան անել, դուք ինքներդ կարող եք նկատել, որ հակառակորդի մոտ վերջին երկու տարիներին շեշտակի նվազել են ժամկետայինների զոհերը և ավելացել են պայմանագրային և սպայական զոհերը։ Դա ինչի՞ մասին է խոսում, այսինքն՝ այսպես ասած, ոսկե ֆոնդի հյուծման ճանապարհով են գնում», - ասաց ՊՆ խոսնակը։

Ըստ Հովհաննիսյանի, անցնող տարին աննախադեպ էր նաև մարդկային կորուստներով։ Նախնական տվյալներով, տարեսկզբից հայկական կողմն ունեցել է չորս տասնյակից ավելի զոհեր, այդ թվում՝ նաև խաղաղ բնակիչներ։ ՊՆ խոսնակի փոխանցմամբ՝ Ադրբեջանը թաքցնում է սեփական զոհերի թիվը, հայկական կողմի պատժիչ գործողությունների արդյունքում հակառակորդի կորուստներն, ըստ նրա, շատ ավելին են։

«Տարվա վերջին կունենանք մոտավոր պատկերը հակառակորդի զոհերի։ Տարբեր տեղեկություններով, դրանք անցնում են 210-215-ը ընդհանուր առմամբ տարվա ընթացքում», - ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG