Մատչելիության հղումներ

Ընդունվեց ճանապարհային խախտումների տուգանքների մեղմացում նախատեսող օրենսդրական փաթեթը


Ազգային ժողովն արտահերթ նիստում` ձայների 84 կողմ, 7 դեմ հարաբերակցությամբ ընդունեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով, որը մի շարք դեպքերում առաջարկում է մեղմացնել ճանապարհային խախտումների համար տուգանքները:

2016 թվականի հունվարի 11-ից ուժի մեջ մտնող օրինագիծը որոշ դեպքերում տուգանքների մեղմացում է առաջարկում․ օրինակ՝ վարորդները տուգանվելու փոխարեն կնախազգուշացվեն, եթե ոչ միտումնավոր հոծ գիծ են հատել, չթույլատրված տեղում կայանել կամ վարորդական վկայականը մոռացել: Վերջին դեպքում տուգանելու փոխարեն վարորդին 24 ժամ է տրվում փաստաթուղթը ներկայացնելու համար: Օրինագծով առաջարկվում է 24 ժամ հատկացնել նաև մգեցված ապակիների հարցը լուծելուն, իսկ այդ խախտման համար նախատեսված 50 հազար դրամի տուգանքը 30 հազար դրամ կդառնա:

Պատգամավոր Թևան Պողոսյանն այդուամենայնիվ ասաց, թե դժվար է պատկերացնում՝ ինչպես է այդ նախազգուշացումը վարորդին տրվելու, և արդյոք կոռուպցիոն հավելյալ ռիսկեր չեն առաջանա․ - «Ասում ենք, որ տալիս ենք ժամանակ՝ մարդը գնա սխալը ուղղի: Մենք պետք է հասկանանք՝ այդ լուծումը այդ մարդու համար գումարային ի՞նչ է նշանակելու»:

2012 թվականից մինչ այժմ տույժ ու տուգանքներ կուտակած վարորդներին էլ այս օրինագծով հնարավորություն է տրվում վեց ամսվա ընթացքում տուգանքի մայր գումարը մարելու դեպքում ազատվել տույժերից:

Մեղմացումներից բացի, օրինագծով նաև որոշակի խստացումներ են նախատեսվում: Կավելացվեն փոխված, կեղծված կամ ընդհանրապես առանց պետհամարանիշների մեքենաների տուգանքները, ինչպես նաև կխստացվի մոտեցումը ոչ սթափ վարորդների նկատմամբ: Իսկ առանց փաստաթղթերի կամ ոչ սթափ կրկնախախտ վարորդներին նաև քրեական պատասխանատվություն է սպասում:

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այսպես բնորոշեց առաջարկվող օրինագիծը․ - «Այդ օրենքը վարորդների կոկորդից բռնել է, և հիմա այս օրենքով մի քիչ ավելի թույլ է բռնելու: Ստիպված պետք է կողմ լինել նրան, որ վարորդների կոկորդից մի քիչ ավելի թույլ բռնի, և ես կողմ եմ քվեարկելու և սա դիտում եմ որպես միջանկյալ քայլ: Վերջնական քայլը արագաչափերի իսպառ արմատախիլ անելն է Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներից»:

Փաշինյանը նաև նկատեց՝ վերջին երեք տարում, ինչ ներդրվել են արագաչափերը, անվտանգությունը փողոցներում չի ավելացել, փոխարենը՝ տարեցտարի ավելանում են ինչպես պատահարները և տուժածները, այնպես էլ վարորդների վճարած տուգանքները:

«Ասել եմ, էլի եմ ասում. այդ 25 միլիարդ դրամը, որ իրենք պիտի ծախսեին իրենց երեխաների ուսման վարձի, երեխաներին կոշիկ, հագուստ առնելու, իրենց սոցիալական կարիքները հոգալու համար, տվել են ո՞ւմ՝ չգիտենք ում: Տվել են ինչ-որ մի Security Dream ընկերության, որը, ըստ օդում կախված և շարունակաբար թևածող լուրերի, այդ եկամուտների հսկայական բաժինը տնօրինում է Սերժ Սարգսյանի ընտանիքը», - հայտարարեց պատգամավորը:

Օրինագծին դեմ քվեարկեց 7 պատգամավոր՝ «Օրինաց երկիր» խմբակցության 5 անդամները, Դաշնակցությունից Արծվիկ Մինասյանը և «Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG