Մատչելիության հղումներ

ՀԱԿ ներկայացուցիչն ասում է՝ իրեն առաջարկել են կեղծ արձանագրության տակ ստորագրել


Ալիտա Սարդարյան
Ալիտա Սարդարյան

Հայ ազգային կոնգրեսը պնդում է, որ իշխանությունը փորձում է կոծկել հանրաքվեից հետո հարուցված քրեական գործերը։

Կուսակցության ներկայացուցիչ Ալիտա Սարդարյանի խոսքով, 4-րդ ընտրատարածքի հանձնաժողովի անդամն աշխատավարձ ստանալու պատրվակով առաջարկել է ստորագրել տեղամասի արձանագրության տակ, որն իր համոզմամբ կեղծված է։

«Եթե ընդամենը գոյություն ունի 4 թուղթ, որից մեկը մենք 8 հանձնաժողովի անդամներով ստորագրել ենք՝ 116 «այո», 435 «ոչ», 40 անվավեր, ու դրել ենք տուփի մեջ: Հիմա երեք թուղթն էլ ես հանձնաժողովի նախագահի ձեռքից վերցրել եմ՝ այդ կեղծ թվերը գրելու ժամանակ: Հինգերորդ թուղթը որտեղի՞ց է հայտնվել այդ իրավաբանական բաժնի պետի ձեռքում», - հարցնում է Սարդարյանը:

ՀԱԿ ներկայացուցչի խոսքով, հանրաքվեի օրն իր տեղամասում բազմաթիվ խախտումներ են արձանագրվել, հաշվարկից հետո էլ գլխիվայր փոխվել են արդյունքները, նույնիսկ քրեական գործ կա հարուցված։ Հանձնաժողովի անդամը կարծում է՝ եթե ինքը ստորագրի կեղծված արձանագրության տակ, ոչ միայն գործը կկարճվի, այլև իրեն պատասխանատվության կենթարկեն՝ սուտ մատնության համար։

«Այնտեղ եթե ես ստորագրեմ՝ 977-ը գրված է՝ ստորագրեմ, նշանակում է՝ ես այդ թվի հետ համաձայն եմ: Եթե ստորագրել էին տալիս, թող ուրիշ թուղթ ստորագրել տային, որ ես աշխատել եմ», - ասում է նա:

Փաստաթղթի տակ ստորագրելու առաջարկն արել է հանձնաժողովի անդամ, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Գեղամ Կարապետյանը։ Պնդում է՝ տիկնոջն աշխատավարձ ստանալու համար էին հրավիրել, արձանագրության օրինակն էլ ընտրատարածքային հանձնաժողովինն է, սակայն հրաժարվեց ցույց տալ այն։

«Ես չգիտեմ տիկինն ինչ է պնդում, ես մի բան գիտեմ, որ արձանագրություններից մեկը հայտնվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում և հենց այնտեղ է և դրանից պարզ է դարձել, որ տակը չեն ստորագրել: Հիմա՝ ինձ զգուշացրել են, որ այդ անձը ստորագրի, որպեսզի կարողանան աշխատավարձ տալ: Իսկ ընտրությունների արդյունքի հետ համաձայն չլինելը՝ դա արդեն իսկ բողոքարկված է: Սրա հետ ընդհանրապես դա կապ չունի», - ասաց Կարապետյանը:

Գեղամ Կարապետյան
Գեղամ Կարապետյան

Իրավաբանական վարչության պետը վստահեցրեց նաև, որ արձանագրության տակ ստորագրելու համար հանձնաժողովի մյուս անդամներին էլ է հրավիրել․ - «Ինձ պետք չի՝ իրենք պարտադիր ստորագրել են, թե չէ: Ուղղակի՝ մարդկանց չզգուշացնե՞նք, որ վաղը չգան ասեն՝ բա ինչո՞ւ մեզ չասացիք: Մեկն ասաց, օրինակ, գիշեր էր, անքուն էի, չէի հիշում՝ ստորագրել եմ, թե չէ: Մարդը ստորագրեց՝ գնաց»:

Հրաժարվելով ստորագրել արձանագրության տակ՝ ընդդիմադիր գործիչը կզրկվի 55 հազար դրամ աշխատավարձից, ինչը մտադիր է վիճարկել դատարանում։

Այս տեղամասում ՀԱԿ-ը պահանջել էր վերահաշվարկ, սահմանված ժամկետի ավարտին, սակայն պարկը բացելու հերթը չհասավ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG