Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:
Հյուրընկալող երկրի` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նստաշրջանի սկզբում ողջույնի խոսք է հղել մասնակիցներին, մաղթել արդյունավետ աշխատանք, այնուհետև նստաշրջանը վարել է ՀԱՊԿ-ում նախագահությունը ստանձնած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, բանակցություններն այժմ ընթանում են նեղ կազմով՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի նախագահների և կազմակերպության գլխավոր քարտուղարի մասնակցությամբ, ինչից հետո ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ղեկավարները նիստը կշարունակեն ընդլայնված ձևաչափով՝ պատվիրակությունների անդամների մասնակցությամբ:
ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի լիագումար նիստի ընթացքում ստորագրման են նախատեսված մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ պետությունների ղեկավարների հայտարարությունը ՝ միջազգային ահաբեկչությանը հակազդելու մասին, «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի մասին», «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մշտապես գործող աշխատանքային մարմինների պաշտոնատար անձանց ռոտացիայի մասին» որոշումների նախագծերը:
Օրակարգի շրջանակում պետությունների ղեկավարները մտքեր կփոխանակեն աշխարհում ընթացիկ իրավիճակի և կազմակերպության հետագա գործողությունների շուրջ, ասված է հաղորդագրությունում: