Մատչելիության հղումներ

«Նոր Հայաստան»-ը ակտիվ գործողությունները կվերսկսի տոնական օրերից հետո


Արխիվ -- «Նոր Հայաստան»-ի երթը Երևանում, 7-ը դեկտեմբերի, 2015թ․
Արխիվ -- «Նոր Հայաստան»-ի երթը Երևանում, 7-ը դեկտեմբերի, 2015թ․

Իշխանափոխության ձգտող «Նոր Հայաստան»-ը չի դադարեցնի հանրահավաքային պայքարը

Իշխանափոխության ձգտող «Նոր Հայաստան»-ը չի դադարեցնի հանրահավաքային պայքարը․ ակտիվ գործողությունները կվերսկսեն տոնական օրերից հետո։ Պահանջը նույնն է, մարտավարության հարցում, մինչդեռ, հստակեցում չկա: Առայժմ հայտնի չէ նաև մոտ քսան օր Երևանի Ազատության հրապարակում շարունակվող նստացույցի ճակատագիրը։

«Ցանկալի կլինի, որ երիտասարդությունը շարունակի գործընթացը, բայց քանի որ Ազատության հրապարակի տերը իրենք են, իրենք թող որոշեն՝ հատուկ քաղաքական որոշումներ, այդ առումով, չեն կայացվելու», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Նոր Հայաստան»-ին մաս կազմող ուժերից «Հիմնադիր խորհրդարանի» խոսնակ Վարուժան Ավետիսյանը:

Անցած շաբաթ հասարակությանը մոբիլիզացնելու փորձերով շարժման առաջնորդները շրջեցին մարզերով, եղան մոտ երկու տասնյակ քաղաքներում: Շրջայցի արդյունքները կամփոփվեն վաղը երեկոյան Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքին։ Դեկտեմբերի 1-ից իշխանափոխության իրենց փորձերի ձախողումները «Նոր Հայաստանը» օբյեկտիվ պատճառներով է պայմանավորում, վստահ են՝ խոստացված սցենարն իրագործելու են։

«Հնարավոր չէ դատարկ տեղում գնալ և հարյուր հազարավոր մարդկանց ոտքի հանել, մոբիլիզացնել: Պետք է օբյեկտիվ գործոններ լինեն, այդ օբյեկտիվ գործոնները պետք է հասունացած լինեն: Պարզվում է, որ այդ հասունացումը բավարար չէր այդ փուլում նման գործ անելու համար», - ասում է Ավետիսյանը:

Չնայած սակավամարդ հավաքներին՝ «Նոր Հայաստան»-ի ներկայացուցիչը վստահ է՝ իրենց գործողությունները շարունակում են վախի մեջ պահել իշխանություններին։ Ավետիսյանը հիշեցնում է մարզերում մի խումբ կանանց կողմից «Նոր Հայաստան»-ի հավաքները խոչընդոտելու փորձերն ու պնդում՝ կատարվածն իշխանության սադրանքն էր, նպատակը՝ վարկաբեկել շարժումն ու նրա առաջնորդներին․ - «Վարչախումբը հասկանում է, որ մենք ամենուրեք գործ ունենք բռնկվելու պատրաստ չոր վառելիքի հետ՝ ի դեմս ժողովրդի տրամադրությունների: Իրենք մեզ որպես կայծ են տեսնում, և այդ կայծը, ինչքան էլ մեծ կամ փոքր լինի, իրենք հասկանում են, որ կարող է և բռնկում տեղի ունենա: Մեր դերը այն է, որ այդ բռնկումը մենք տանելու ենք խաղաղ գործողությունների հունով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG