Մատչելիության հղումներ

«Պատմությունը չի մոռանա դիմումը չստորագրողներին»


Լևոն Զուրաբյան, արխիվ
Լևոն Զուրաբյան, արխիվ

ՀԱԿ-ի «հաջորդ իրավական քայլը» հանցագործությունների վերաբերյալ բոլոր հաղորդումները դատախազությանը ներկայացնելն է:

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ տեղի ունեցած հանցագործություների վերաբերյալ բոլոր հաղորդումները Հայ ազգային կոնգրեսը կուղարկի դատախազություն: Այսօր այս մասին հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Մամուլի ասուլիսի ժամանակ նա ասաց, որ Սահմանադրական դատարան դիմելու փորձից հետո, դա լինելու է իրենց հաջորդ իրավական քայլը: Խմբակցությունն առաջիկայում կհրապարակի նաև խախտումների մասին բոլոր տվյալները:

«Կհրապարակենք այս ամբողջ փաստաթուղթը: Ապագայի համար, մեր պետականության համար սա պետք է դառնա պատմական մի փաստաթուղթ, թե ինչպես է ոտնահարվել հայ ժողովրդի կամարտահայտությունը 2015թ․ դեկտեմբերի 6-ի հանրաքվեին: Մեր մյուս իրավական քայլը՝ բոլոր առանձին հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներ կուղարկենք դատախազություն և շատ հետևողական կլինենք, որ բոլոր մեղավորները մինչև վերջ պատժվեն»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

Երեկ աշխատանքային օրվա ավարտից 20 րոպե առաջ Սահմանադրական դատարանը չընդունեց ՀԱԿ-ի՝ հանրաքվեի արդյունքերը անվավեր ճանաչելու պահանջով դիմումը, որը դատարան էր բերել կուսակցության ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը: Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը չընդունեց նաև մի խումբ քաղաքացիների, վստահված անձանց, դիտորդների ու լրատվամիջոցների դիմումը՝ պատճառաբանելով, թե աշխատանքային օրն ավարտվել է: Փաստաբան Տիգրան Եգորյանն այսօր օրենքի կոպիտ խախտում որակեց կատարվածը՝ տեղեկացնելով, որ դիմումներն ուղարկել են նաև փոստի միջոցով, ու Սահմանադրական դատարանը ստիպված կլինի գոնե քննարկել դրանք վարույթ ընդունել կամ չընդունելու հարցը:

«Եվ եթե այս հարցերով ևս Սահմանադրական դատարանի դուռը փակ է՝ ժողովրդավարական արժեքների համար, ապա դատարկ և գրոշի արժեք չունեցող են բոլոր այն խոսակցությունները իրավունքի գերակայության, սահմանադրականության մասին»,- ասաց Եգորյանը:

«Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցությունը չկարողացավ հավաքել անհրաժեշտ 27 պատգամավորի ստորագրությունը՝ Ազգային ժողովի անունից Սահմանադրական դատարան դիմելու համար։ Սահմանադրության 101-րդ հոդվածի համաձայն՝ հանրաքվեին առնչվող հարցերով Սահմանադրական դատարան կարող են դիմել ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը և խորհրդարանի անդամների 1/5-ը: Բայց սա, ըստ Եգորյանի, «չի նշանակում, որ 101-րդ հոդվածը կարող է խոչընդոտել Սահմանադրության մյուս հոդվածները, մասնավորապես, երկրորդ հոդվածը, համաձայն որի, ժողովուրդն իր իշխանությունն իրացնում է հանրաքվեի միջոցով»:

«Այսինքն՝ եթե 101-րդ հոդվածի ետևում թաքնվի Սահմանադրական դատարանը, սա ցույց կտա դատարանի անգործունակությունը, ընդ որում՝ կամավոր անգործունակությունը: Ժողովուրդը պետք է իմանա, որ Սահմանադրական դատարանը հրաժարվում է կատարել և ապահովել Սահմանադրությամբ հռչակված իրավունքները»,- շարունակեց Եգորյանը:

Այն, ինչ այսօր տեղի է ունենում, արդարադատության մերժում է, պնդում է Լևոն Զուրաբյանը՝ ընդգծելով, որ 400 ընտրատեղամասերում արձանագրված խախտումները 300 էջանոց շտեմարան են դարձել, որը ոչ ոք իրավունք չունի անտեսել ու արհամարհել: Թեև ՀԱԿ-ում մեծ հույսեր չեն կապում Սահմանադրական դատարանի հետ, այդուհանդերձ, վստահ են՝ այսօր տեղի ունեցածն անհետևանք չի մնալու:

«Որովհետև մենք հասկանում ենք, թե հիմա ինչ իշխանության հետ գործ ունենք, մենք շատ լավ հասկանում ենք, որ անգամ եթե ՍԴ-ն էդ գործը նայի, միևնույն է՝ հլու-հնազանդ կատարելու է այս իշխանության հրահանգը, ի վերջո մերժելու է: Բայց սա ինքնանպատակ չէ, սա մի գործընթաց է, որը մեծ ճնշում է դնելու ընտրակեղծարարների վրա, սա մի գործընթաց է, որով մենք ապահովելու ենք, որ այսուհետև Հայաստանում երբեք ոչ ոք չհանդգնի կեղծել հանրաքվեն կամ ընտրությունները, ոչ ոք չկարողանա ոտնահարել ժողովրդի կամարտահայտությունը»:

Պատմությունը չի մոռանա, թե ով ստորագրեց և հատկապես ով չստորագրեց Սահմանադրական դատարան դիմումի տակ, նաև ասաց Զուրաբյանը, ընդգծելով՝ ՀԱԿ խմբակցությունը բարձր է գնահատում այն 19 պատգամավորներին, որոնք մի կողմ դնելով տարաձայնությունները, հարաբերություններում եղած լարվածությունը, այդուհանդերձ, միացան իրենց նախաձեռնությանը:

XS
SM
MD
LG