Մատչելիության հղումներ

Թուրքիայի շուրջ մեկ տասնյակ հայկական վարժարաններում հայերեն դասագրքերի խնդիր կա


«Արազ» հրատարակչության տպագրած հայկական գրքեր
«Արազ» հրատարակչության տպագրած հայկական գրքեր

«Արազ» կոչվող երկլեզու հրատարակչության տնօրենը «Ազատության» հետ զրույցում ասում է, որ հայերեն գրքերը Թուրքիայում գրեթե սպառում չունեն:

Պաշտոնական տվյալներով ավելի քան 70.000 հայ բնակիչ ունեցող Թուրքիայում հայկական շուրջ մեկ տասնյակ նախակրթարան ու վարժարան կա, սակայն, աշակերտները ստիպված են հայոց լեզու սովորել մի քանի տասնամյակ առաջ տպագրված գրքերով։ Հայրենիքի հետ կապերը թույլ են, Հայաստանից գրքեր ու օժանդակ նյութեր ստանալու հնարավորություն չկա, ասում է Կենտրոնական վարժարանի տնօրեն Սիլվա Գույումչյանը։

«Մենք այլևս ի վիճակի չենք գիրք պատրաստելու, ինչ կընենք՝ թվաբանության գիրքը կառնենք՝ թրքերենը պետական վավերացրած և ադոնք հայերենի թարգմանելով՝ կդասավանդենք։ Հայերենի դասագրքեր նախակրթարաններու մեջ կան, բայց ասոնք բոլորն ալ հին թվականով գրքեր են, օրինակ՝ պաշտոնապես վավերացրած գիրքը, 1933 է կարծեմ»։

Թուրքիայի հայկական դպրոցներում կրոնագիտություն դասավանդվում է, սակայն հայոց պատմություն՝ ոչ։ Այս մասին ուսուցիչները փորձում են խոսել հայ գրականության դասաժամին։ «Քանի որ բոլոր աշակերտները հայեր են, Թուրքիայի պատմության 1915-ին վերաբերող էջերը հիմնականում շրջանցվում են»,- ասում է Կենտրոնական վարժարանի տնօրենը։ Ի տարբերություն հարևան Վրաստանի, որտեղ հայկական դպրոցների ուսուցիչները տարիներ շարունակ պայքարում են, որպեսզի պետությունը թույլատրի մյուս առարկաները ևս հայերենով դասավանդել, այստեղ այդպիսի իրավունք կա, սակայն ծնողները չեն համաձայնում։

«Որովհետև ուսուցիչի անբավարարություն կա, հայոց լեզվի տիրապետելու տեսակետե, նաև ծնողներու մոտ ալ նախընտրությունը անշուշտ թրքերենով դասավանդվիլն է։ Մենք ծնողքը համոզել կջանանք, ըսելով, որ գիտությունը կամ մաթեմատիկան լեզու չունենար։ Թիվը լեզու չունի, մնացյալը երկու բառ, որ կօժանդակե իր հայերենի մտապաշարին։ Այս ձևով մենք հայերեն ընելու կջանանք, բայց չափանիշ չէ, մեծ մասամբ թրքերեն է հայ վարժարաններու մեջ»,- շարունակում է վարժարանի տնօրենը։

Ստամբուլում գործող երկլեզու՝ հայերեն և թուրքերեն գրքեր տպագրող «Արազ» հրատարակչության տնօրեն Էդվարդ Թովմասյանի խոսքով, հայերեն գրքերը գրեթե սպառում չունեն։ Տարեկան 50-60 օրինակ է վաճառվում միայն, բացի այդ՝ հայերենով ստեղծագործողները քիչ են, ասում է նա և հավելում. - «Զահրատը մահացավ, Խրախունին անկողնու կծառայե, երկար կյանք մաղթենք, Ռոբեր Հաթեջյանը գործի վրա է, Մկրտիչ Մարկոսյանը մեր գործի ընկերն է, և Ասլանը կա բանաստեղծ։ Բայց կան երիտասարդներ, որ ավելի շատ թրքերեն լեզվով կարտահայտվին, անոնցմե ամենաշատ հռչակ ունեցողը Քարին Քարաքաշն է»։

Ավելի քան 20 տարի այս հրատարակչությունը փորձում է խթանել երկու ժողովուրդների հաշտեցումը`գրականության միջոցով: Թուրքերենով հրատարակում են հայ հեղինակների աշխատանքներ կամ գործեր, որոնք որևէ կերպ առնչվում են Հայաստանին։ Այս տարի տպագրատունը արդեն 160 գիրք է լույս ընծայել։

«Մենք գրականության գծի վրա կուզենք հարևան ժողովրդի հետ լեզու գտնալ, ավելի հաստատ և ամուր լեզու մը գտած պիտի ըլլանք, եթե մեր գրականությունը, արվեստը, մշակույթը գիրով ծանոթացնենք հարևան ժողովրդին»,- ասում է Թովմասյանը։

«Հալեպի բարոններ»-ը «Արազ» հրատարակչության այս տարի տպագրած գրքերից մեկն է: Այն Հալեպի Բարոն կոչվող հայկական պանդոկի ու այստեղ ապրող Մազլումյան ընտանիքի մասին է։ Սիրիական պատերազմի ընթացքում Բարոն պանդոկն ավերվել է, Մազլումյաններն էլ հեռացել են։ Գիրքը թարգմանվել է թուրքերեն ու արդեն վաճառքի է հանվել, ասում է «Արազ» հրատարակչության տնօրենը։ «Այսօր փակ է պանդոկը և ռումբակոծության տակ կգտնվի, մեջը մարդ չբնակի, հետաքրքրական պատմություն է։ Հայ ժողովրդին պատմությունը կարելի է այս ընտանիքի վրայեն խոսիլ։ Սուրիական անապատին վրա ինչ ապրեցավ, ինչպես ապրեցավ և ինչպես այդ անապատը շենցուց և այսօր ինչպես կքայքայվի»։

«Արազ» հրատարակչությունն այս տարի առաջին անգամ գիրք է տպագրել նաև համշենահայերենով։ Մահիր Օսկանը տատիկից լսած մի հեքիաթ «Ակոս» թերթում է տպագրել, հետո որոշել է գիրք գրել։ «Հեքիաթները իմ մայրիկի, իմ տատիկի ինձի ասած հեքիաթներ, իմ ապրած հեքիաթներ են»,- ասում է Օսկանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG