Մատչելիության հղումներ

«Հետք»-ի խմբագիր․ Երևի հրաման է եղել՝ արագ որոշումներ կայացնեն հրապարակված փաստերի առթիվ, գործերը փակեն


«Հետք»-ի խմբագիր Էդիկ Բաղդասարյան
«Հետք»-ի խմբագիր Էդիկ Բաղդասարյան

Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ հանրաքվեից շուրջ երկու շաբաթ անց խախտումների առնչությամբ կա միայն մեկ մեղադրյալ:

Լրագրողներն ու իրավապաշտպանները պնդում են, թե ոստիկանությունն ու քննչական մարմինները հանրաքվեի ընթացքում խախտումները բացահայտելու ուղղությամբ արդյունավետ քայլեր ձեռնարկելու փոխարեն, զբաղված են իրենց անընդհատ նամակներ ուղարկելով ու հարցեր տալով:

«Հետք» կայքի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը փոխանցեց, որ հանրաքվեից հետո աննախադեպ թվով դիմումներ է ստացել իրավապահներից:

«Մի քանիսին պատասխանեցինք սկզբից: Հետո հասկացա, որ ավելի լավ է չպատասխանել․ լրատվամիջոցին դարձնում են կողմ, հետո դա օգտագործելով գործը փակում են․․․ Այսինքն, ինչ-որ մի բան պիտի անեն և այդ մի բանը անում են լրատվամիջոցների միջոցով», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բաղդասարյանը:

Հանրաքվեի օրը «Հետք»-ը գրել էր, որ ընտրատեղամասերից մեկի մոտ խմբված մարդիկ կան՝ ինչ-որ թղթերով և ցուցակներով: Լրագրողը մոտեցել ու խնդրել էր ցույց տալ այդ թղթերը, որոնց վրա ստորագրություններ էին երևում: Սակայն մերժում էր ստացել․ պատճառաբանել էին, թե գաղտնի փաստաթղթեր են:

Էդիկ Բաղդասարյանը կարծում է, որ փաստերն առկա են, և իրավապահները իրենց դիմելու փոխարեն կարող էին մեղավորներին բացահայտել․ - «Որևէ բան չեն արել բացահայտման համար: Այնտեղ լուսանկարներ կային, մեքենաների համարներ կային նշված, վիդեո ունենք, որտեղ երևում է, թե ոնց են «ոչ»-երը քչանում, «այո»-ները շատանում․․․ Մարդկանց դեմքեր ունենք, նկարներ ունենք, փաստեր ունենք, լրագրողի աշխատանքը խոչընդոտող մարդ ունենք՝ անունը ունենք, նկարը ունենք: Թող անեին, ո՞վ է իրենց խանգարում»:

Առցանց «Առավոտ»-ի խմբագիր Աննա Իսրայելյանը նույնպես նամակների տարափ է ստացել, որոնցից, իր կարծիքով, միայն մի քանիսը արժեր իրենց հասցեագրել․ - «Ես նորմալ եմ համարում, որ մեզնից բացատրություն պահանջեին այն դեպքում, երբ խոսքը իրոք մեր հրապարակման մասին է: Բայդ երբ մեզնից պատասխան են պահանջում, ինչպես եղավ այսօր, Մարդու իրավունքների պաշտպանի հաղորդագրությունը հրապարակելու համար, երբ մեզնից պատասխան են պահանջում ասուլիսում Ավետիք Իշխանյանի ասած մտքերի համար, դա, անկեղծ ասած, ինձ մոտ ուղղակի տպավորություն է առաջացնում, որ աշխատանքի, բուռն գործունեության երևութականություն է փորձ արվում ստեղծել»:

Նամակներից մեկով իրավապահները լրագրողից պարզաբանում են խնդրել մի հոդվածի կապակցությամբ, որն «Առավոտ»-ում հրապարակված չի էլ եղել․ - «Էլի անհասկանալի է, թե ինչու է ոստիկանությունը մեզնից պահանջում, ինչպես իրենք նշել են գրության մեջ՝ հնարավորինս սեղմ ժամկետում Մալաթիայի բաժին ապահովել հրապարակման հեղինակին: Այսինքն ինչպե՞ս մենք դա պետք է անենք․ բերմա՞ն ենթարկենք քաղաքացի դիտորդներին»:

Հայաստանի հելսինկյան կոմիտեի դիտորդները հանրաքվեն վերահսկել են Մալաթիա վարչական շրջանի բոլոր ընտրատեղամասերում: Կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանն ասում է, որ այս անգամ ընտրախախտումները հիշեցնում էին անցած դարի 90-ական թվականները: Իսկ հիմա իրավապահ մարմիններն Իշխանյանին դիմում են՝ դիտորդների մասին տվյալներ պարզելու համար:

«Արդեն ինչ որ ասված է, ասված է: Ես չէի ուզենա բացարձակապես, որ մեր դիտորդները ներգրավվեին որպես վկա կամ եսիմ ինչ, որովհետև ես գիտեմ, թե դա ինչի կարող է վերածվել: Ես համարում եմ այսպես․ մենք մեր զեկույցը ներկայացրել ենք, մնացածը արդեն իրավապահների գործն է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ավետիք Իշխանյանը:

Հելսինկյան կոմիտեն ահազանգել էր, որ տեղամասերից մեկում բերված մարդիկ քվեարկում են ռուսաստանյան անձնագրերով: Իշխանյանի խոսքով՝ բացահայտելու փոխարեն քննչական մարմինները «ժամանակ են վատնում»․ - «Կարող էին նրանք գնալ և այդ մատյանները ստուգել, տեսնել, թե դրանք ովքեր են և ըստ դրա քննություն կատարել: Տեղեկությունը տրված է, մնացածը ձեր գործն է»:

Էդիկ Բաղդասարյանի ամփոփմամբ՝ ընտրակեղծարարներին բացահայտելու խնդիր չկա, պարզապես իշխանությունը ցանկանում է ցույց տալ, թե արձագանքում է մամուլի հրապարակումներին․ - «Երևի այդպիսի հրաման է եղել՝ շատ արագ որոշումներ կայացնեն հրապարակված փաստերի առթիվ, որպեսզի գործերը բոլորը փակեն, ասեն՝ բոլոր բողոքները հիմք չեն ունեցել»:

Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ հանրաքվեից շուրջ երկու շաբաթ անց խախտումների առնչությամբ կա միայն մեկ մեղադրյալ: Այս պահին քննվում է 24 գործ ընտրատեղամասերում այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքերի վերաբերյալ: Եվս 8 քրեական գործ, որոնցից 5-ը՝ քվեարկության արդյունքները կեղծելու, իսկ 3-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրահանձնաժողովի աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու հոդվածով, ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG