Մատչելիության հղումներ

Սարգսյանն ու Ալիևը կհանդիպեն շաբաթ օրը՝ Բեռնում


Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Սոչիում` Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ, 10-ը օգոստոսի, 2014թ․, արխիվ
Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Սոչիում` Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ, 10-ը օգոստոսի, 2014թ․, արխիվ

Երկու նախագահների նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել Փարիզում՝ անցած տարվա հոկտեմբերին: Հաջորդած ավելի քան մեկ տարվա ընթացքում լարվածությունն առաջնագծում կտրուկ աճել է:

Նախագահ Սերժ Սարգսյանի մամլո ծառայության այսօր տարածած հաղորդագրության համաձայն, Սարգսյանը դեկտեմբերի 18-ին աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա՝ Բեռն, որտեղ դեկտեմբերի 19-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի խոսքով, առաջիկա հանդիպման նպատակը, թերևս, ոչ թե կարգավորման շուրջ ինչ-որ պայմանավորվածություն ձեռք բերելն է, այլ սահմանին տիրող լարվածության թուլացումը:

«Նույն Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Ռուսաստանը ձգտում են, որ հակամարտության ծավալը չավելանա, չուժեղանա, բայց դա նաև գալիս է նրանից, որ, դժբախտաբար, իրենք լավ չեն պատկերացնում, թե ինչքան դեստրուկտիվ է Ադրբեջանը»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Գրիգորյանը, հավելելով՝ միամտություն կլինի Բեռնում կայանալիք բանակցություններից հակամարտության կարգավորմանը վերաբերող ինչ-որ արդյունքներ ակնկալելը:

«Դա մեզնից կախված չէ, դա կախված է Ադրբեջանի վերջին 2-2,5 տարվա շատ կոշտ, անզիջում քաղաքականությունից: Ես կասեի նաև՝ սադրանքների քաղաքականությունից, և ոչ միայն ճակատներում: Իրենք նաև միջազգային կառույցներում են կոշտ դիրքորոշում ցուցաբերում, միակողմանի ինչ-որ պահանջներ են դնում»,- շարունակեց քաղաքագետը:

Սարգսյան-Ալիև նախորդ հանդիպումը, հիշեցնենք, տեղի է ունեցել անցած տարվա հոկտեմբերի վերջին Փարիզում: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ կայացած այդ հանդիպումից հետո Հայաստանի նախագահի աշխատակազմը տարածեց հաղորդագրություն, որում նշված էր․ - «Խաղաղ բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում երկխոսության շարունակումը և վստահության ամրապնդման ուղղությամբ ջանքերը, ինչպես նաև ընդգծվել է հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը»:

Փարիզյան հանդիպմանը հաջորդած ժամանակաշրջանն առանձնացավ լարվածության մեծացմամբ և շփման գծում զոհերի թվի աճով, կողմերը սկսեցին լայնորեն կիրառել խոշոր տրամաչափի սպառազինություն: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակն օրերս տեղեկացրեց, որ զինադադարից ի վեր առաջին անգամ Ադրբեջանը տանկեր է գործադրել:

«Ես կարծում եմ՝ Բեռնի հանդիպման ժամանակ Ալիևը կփորձի ձևակերպել իր վերջնագրերը: Երբ ձեզ հետ խոսում են վերջնագրերով․․․ պարզ է, որ Ալիևը շատ կոշտ հակահարված կստանա, ու պարզ է, որ դա կհանգեցնի լարվածության շարունակմանը: Բայց, այնուամենայնիվ, միշտ պետք է շանսն օգտագործել»,- ասաց Ստեփան Գրիգորյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG