Մատչելիության հղումներ

Կանադան քայլեր կձեռնարկի բնիկ ժողովուրդների իրավունքները վերականգնելու ուղղությամբ


Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդո, արխիվ
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդո, արխիվ

Կանադայում բնիկ ժողովուրդների նկատմամբ ճնշումները հետաքննող հանձնաժողովը երեկ հրապարակել է 6 տարի շարունակված ուսումնասիրության արդյունքները։

Հանձնաժողովի զեկույցի համաձայն՝ Կանադայի իշխանությունները ավելի քան 100 տարի վարել են բնիկ ժողովուրդների մշակույթը վերացնելու, իրավունքները ոտնահարելու, որպես ինքնուրույն միավորներ վերացնելու քաղաքականություն։ Հնդկացի և ինուիտ [Կանադայի որոշ հյուսիսային շրջաններում բնակվող խումբ, որը հաճախ համեմատում են էսկիմոսների հետ] համայնքների համար ստեղծված գիշերօթիկ դպրոցներն այս «մշակութային ցեղասպանության» հիմնական մասն են կազմել․ 1840-1996 թվականներին ավելի քան 150 հազար բնիկ երեխաները տեղափոխվել են եկեղեցիներին կից գործող գիշերօթիկ դպրոցներ, որպեսզի չշփվեն իրենց ծնողների հետ և մոռանան հնդկացիների մշակույթը։

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ավելի քան 3 հազար երեխաներ մահացել են այս դպրոցներում, շատերը ենթարկվել են ֆիզիկական, հոգեբանական և սեռական բռնության։

«Ճշմարտություն և հաշտեցում» հանձնաժողովի զեկույցի հրապարակմանը ներկա է եղել նաև Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։ Նա իր ելույթը սկսել է՝ Կանադայում ապրող ժողովուրդների 8 լեզուներով շնորհակալություն հայտնելով հետազոտությունն անցկացնողներին։

«Ես լավ դպրոց եմ գնացել: Եվ հիշում եմ մի պահ՝ Կանադայի պատմության դասին մենք ունեինք գլուխ բնիկ կանադացիների մասին։ Լավ դպրոց էր, լավ դասատու, լավ դասագիրք։ Ուսուցիչն ասաց՝ այս գլուխն այնքան էլ հետաքրքիր չէ, և մենք առաջ անցանք։ Ձեր այս աշխատանքը կերաշխավորի, որ ապագայում Կանադայում ոչ ոք չի ասի՝ դա մեր պատմության մասը չի կազմում», - ասել է Թրյուդոն։

Կանադայի վարչապետը նաև հայտարարել է, որ իր կառավարությունը քայլեր կձեռնարկի՝ Կանադայի բնիկ ժողովուրդների իրավունքները վերականգնելու և նրանց հետ հաշտեցման եզրեր փնտրելու ուղղությամբ զեկույցում նշված առաջարկությունները կյանքի կոչելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG