Մատչելիության հղումներ

Էջմիածնում խոչընդոտեցին «Նոր Հայաստան»-ի հավաքը


Երկրապահ կամավորական միության շենքից դուրս եկած մի խումբ անձինք հայտարարում էին, թե Էջմիածին քաղաքը քվեարկել է «այո»-ի օգտին, իրենք էլ սիրում են նախագահ Սերժ Սարգսյանին։

Իշխանափոխության ձգտող «Նոր Հայաստան»-ի մարզային այսօրվա հավաքները կրկին անցան խոչընդոտներով։

Էջմիածնում գեներալ Մանվել Գրիգորյանի ղեկավարած ԵԿՄ վարչության շենքից դուրս եկած մի խումբ կանայք սկսեցին վիրավորել ընդդիմադիրներին։ Նրանցից մեկն անգամ բարձրախոսին հասավ ու հայտարարեց, որ Էջմիածինը սիրում է նախագահ Սերժ Սարգսյանին. - «Մեր նախագահը` այսօրվա նախագահը, եղել է միշտ բարեգութ և ճշմարտացի իր ազգի նկատմամբ, իր ժողովրդի նկատմամբ: Բացի դա` մեր Հանրապետական կուսակցությունը իրականում մեծ աշխատանք է կատարում մեր ընտանիքների համար»:

Քիչ անց Սերժ Սարգյսանի ու հանրապետականների գովքին միացան նաև հրապարակ եկած մյուս կանայք` ընդդիմադիրներից պահանջելով անհապաղ լքել քաղաքը։

«Երկրի ծաղիկը ես եմ», - հայտարարեց նրանցից մեկը: Մյուսները միացան` վանկարկելով. - «Դուրս եկեք մեր Էջմիածին քաղաքից»:

Րաֆֆի Հովհաննիսյանը միջադեպը սադրանք որակեց, իշխանություններին կոչ անելով իրենց դեմ կանանց չուղարկել. - «Սա Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության իրական պատկերն է»:

Հավաքի ավարտին ընդդիմադիրները երթով անցան Էջմիածնի փողոցներով, իսկ հրապարակ եկած կանայք վերադարձան ԵԿՄ շենք։

Էջմիածնի այսօրվա միջադեպը «Նոր Հայաստան»-ի համար առաջինը չէր։ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջող շարժման հավաքը խոչընդոտվել էր նաև երեկ` Սյունիքում։ Կապանում մարզպետ Սուրիկ Խաչատրյանի համախոհներից մեկն անգամ այրել էր պատգամավոր Զարուհի Փոստանջյանի լուսանկարով խրտվիլակը։ Պատգամավորն այսօր խոսեց Արմավիր այցելության ժամանակ. - «Դուք յուրաքանչյուրդ իշխանության կրողն եք, դուք յուրաքանչյուրդ կարող եք հրամանագիր ստորագրել, և ձեր առաջին հրամանագիրը պետք է լինի ազատել Սերժ Սարգսյանին Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնից»:

«Նոր Հայաստան»-ի հաջորդ կանգառը Արտաշատում էր. հրապարակի գրեթե դատարկ լինելը Րաֆֆի Հովհաննիսյանը պայմանավորեց իշխանության ճնշումներով. - «Հազարավոր քվեաթերթիկներ կեղծվեցին, լցոնվեցին հենց այստեղ: Եվ նա, ով խոսում է կեղծիքի մասին` հիմա ամերիկացիները սկսում են խոսել, եվրոպացիները` վաղը-մյուս օրը, կտեսենք` շարքը պիտի գա և անհնար է, որ չհասնի Աբրահամյանին»:

Րաֆֆի Հովհաննիսյանի ու Ժիրայր Սեֆիլյանի շարժումը մարզային այցելությունները կշարունակի առաջիկա հանգստյան օրերին, իսկ վաղը երեկոյան ամփոփիչ հանրահավաք կանցկացնի մայրաքաղաքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG