Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը ստորագրահավաք է սկսել հանրաքվեի արդյունքները ՍԴ-ում վիճարկելու համար


ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյան, արխիվ
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյան, արխիվ

Դիմումին արդեն մի քանի պատգամավոր է միացել։

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) ստորագրահավաք է սկսել պատգամավորների շրջանում՝ հանրաքվեի արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու համար։ Ստորագրահավաքը կշարունակվի մինչև դեկտեմբերի 18-ը, առնվազն 27 պատգամավորի ստորագրություն է հարկավոր։

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ դիմումին արդեն մի քանի պատգամավոր է միացել։

Հարցին, թե կհաջողվի՞ իրենց հավաքել պահանջվող ստորագրությունները, Զուրաբյանն այսպես պատասխանեց. - «Ի վերջո, սա վերջին հնարավորությունն է հանրաքվեի լեգիտիմությունը վիճարկելու։ Եվ այստեղ հարց է դրված՝ այսպիսի աղաղակող, խայտառակ օրինախախտումների և հանրաքվեի կեղծման մասին տեղեկությունների այս տեղատարափի պարագայում եթե Ազգային ժողովի պատգամավորները չեն միանում այս դիմումին, անձամբ դառնում են այս ոճրագործության պարտակող։ Որովհետև այսքան տեղեկություններից հետո, երբ որ ամբողջ ժողովուրդը գիտի, թե ինչ է կատարվել, Ազգային ժողովի ցանկացած պատգամավորի պարտքն է հարցը հասցնել Սահմանադրական դատարան և փորձել հանրային քննության առարկա դարձնել․ եթե դա չեն անում, ուրեմն պարտակում են», - «Ազատության» հետ զրույցում ասաց Զուրաբյանը։

ՀԱԿ-ի և Հայաստանի ժողովրդական կուսակցության «Ոչ»-ի համատեղ շտաբը երեկ ուշ երեկոյան տարածած իր հայտարարությունում շարունակում է պնդել, որ դեկտեմբերի 6-ի հանրաքվեին կեղծված էր։

«Ժողովուրդը արտահայտվեց և հստակ «ոչ» ասաց Հայաստանի իշխանություններին և նրանց նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին», - ասում են հայտարարության հեղինակները՝ կրկին պնդելով, որ հանրաքվեին իրականում մասնակցել է մոտ 825 հազար մարդ, որից առնվազն 575 հազար քաղաքացի քվեարկել է «ոչ», 250 հազարը՝ «այո», և եզրակացնում․ - «Սա նշանակում է, որ Հայաստանի ժողովուրդը հստակորեն արտահայտվել է հանրաքվեում և մերժել սահմանադրական փոփոխությունները»:

«Ոչ»-ի համատեղ շտաբը նշում է. - «Սերժ Սարգսյանի ռեժիմը ամեն գնով, այդ թվում՝ դիմելով լայնածավալ զանգվածային օրինախախտումների և ընտրակեղծարարության, կեղծելով մոտ կես միլիոն ընտրողների մասնակցություն, գլխիվայր շուռ տվեց հանրաքվեի արդյունքը, պաշտոնապես, տեղամասային, ընտրատարածքային և Կենտրոնական ընտրական հանձնաժողովների որոշումների միջոցով արձանագրելով ժողովրդի կամարտահայտությանը տրամագծորեն հակառակ արդյունք»։

«Ոչ»-ի շտաբում համոզված են, որ չնայած տեղի ունեցած կեղծիքներին՝ հանրությունը չի ընկճվել, հակառակը՝ ավելի վճռականորեն է տրամադրվել «հանցագործ իշխանություններից ազատվելու խնդրում», և որ «պայքարը շարունակվում և ավարտվելու է Հայաստանի քաղաքացիների հաղթանակով»։

XS
SM
MD
LG