Մատչելիության հղումներ

«Նոր Հայաստանը» մտադիր է ուղղել իր սխալները


«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը մտադիր է վերանայել մարտավարությունը, գտնել սխալները, որոնց պատճառով տեղի չունեցավ հանրության մոբիլիզացիա, և ուղղել դրանք։ Այսօր այդ մասին Ազատության հրապարակում տեղի ունեցած բացօթյա ասուլիսի ժամանակ հայտարարեց «Նոր Հայաստանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը։

«Մենք, ի տարբերություն 20-ամյա ավանդական ընդդիմության մարտավարությանը, չենք եզրափակելու մեր հանրահավաքային պայքարը հայտնի տեքստով, որ մենք արեցինք, ժողովուրդը չեկավ, և ինչ անենք՝ էլ բան չենք կարող անել: Մենք երբեք մեղքը մեր ժողովրդի վրա չենք գցելու», - հայտարարեց նա:

Առանց հավելյալ մանրամասների՝ Սեֆիլյանը պնդեց, թե առաջիկայում, պայքարը գուցե ժամանակավոր ընդմիջեն, բայց դա դադար չի լինելու։ Վստահեցրեց, թե ժողովրդին իրենց շուրջը հավաքագրելու տարբեր մարտավարություններ փորձելով՝ հասնելու են իրենց նպատակին․ - «Եթե մեզ այսօր պետք եղած չափով չի հաջողվում մոբիլիզացիա իրականացնել, դա նշանակում է՝ մեր մարտավարությունում առկա են սխալներ, խութեր, ուղղումներ, և օր առաջ, ես համոզված եմ, որ մենք գտնելու ենք այդ ուղղումները և վերջում գտնելու ենք այն բանալին, որ մոբիլիզացնելու է մեր ժողովրդին»:

Պատասխանելով «Ազատության» հարցին, Սեֆիլյանը նշեց՝ եթե իրենց չհաջողվեց կասեցնել հանրաքվեն կամ դրան չհաջորդեցին մարդաշատ հանրահավաքներ, չի նշանակում, որ իրենց պայքարն անիմաստ էր։ Պնդեց՝ «Նոր Հայաստանը» նոր իրավիճակ է ստեղծել քաղաքական դաշտում։

«Այսօր Հայաստանում ձևավորվել է ընդդիմադիր մի բևեռ, որը հակառակորդը՝ նկատի ունեմ իշխանություններին, չունի որևէ լծակ՝ ազդելու այս ուժին: Երկար ժամանակ է՝ բացակայում էր այսպիսի բևեռը երկրի ներսում: Իմ կարծիքն է: Եվ երբ երկրի ներսում լինում է անվերահսկելի, նաև անկանխատեսելի բևեռ, մեր երկրում խաղացող աշխարհաքաղաքական ուժերը չեն կարող այդ փաստի հետ հաշվի չնստել», - նշեց Սեֆիլյանը:

Նա այս ամենից եզրակացնում է, որ ստեղծված իրավիճակը թույլ է տալու իրենց Հայաստանում իրագործել «անցնցում իշխանափոխություն»։

«Նոր Հայաստան» փրկության ճակատի առաջնորդը վստահեցնում է, որ հաջորդ տարում պայքարը կսկսեն ավելի կոնկրետ գործողությունների ծրագրով և կփորձեն ավելի հասկանալի ու ընկալելի լինել հանրության համար․ - «Քանի որ մենք ընդամենը 2 ամսվա քաղաքական ուժ ենք, չենք հասցրել հայեցակարգային, բովանդակային բոլոր քայլերի հստակեցում ունենալ: Որպես ճանապարհային քարտեզ, հեռանկար՝ մենք առաջին օրից ճշտել ենք, սակայն այդ փակագծերը բացելու խնդիր ունենք, որ ավելի ընկալելի լինենք: Գուցե ավելի ընկալելի լինելը կօգնի՞ մոբիլիզացիային»:

XS
SM
MD
LG