Թուրքական ընդդիմադիր «Ջումհուրիեթ» թերթի խմբագիր Ջան Դունդարն ու նույն թերթի Անկարայի գրասենյակի տնօրեն Էրդեմ Գյուլը մի քանի շաբաթ է ձերբակալված են։ Թուրք լրագրողներին ցմահ ազատազրկում է սպասում, եթե ապացուցվի, որ նրանք պետական գաղտնիքներ են հրապարակել, լրտեսել և անդամագրվել ահաբեկչական գաղտնի կառույցի։
Լրագրողներն իրենց նյութերում մինչդեռ նույն մեղադրանքներն Էրդողանի իշխանությանն էին ուղղում։ Վերջին շրջանում «Ջումհուրիեթ»-ը ուշադրության կենտրոնում հայտնվեց, երբ հրապարակեց սեփական հետաքննությունը Թուրքիայի իշխանությունների և «Իսլամական պետություն» խմբավորման կապի մասին։
Ձերբակալումից օրեր առաջ հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ թերթի խմբագիր Ջան Դունդարը ասել էր, թե հետապնդվում են իշխանությունների մասին ճշմարտությունն ասելու համար։
«Մեր կառավարությունը քննադատություն չի ընդունում և յուրաքանչյուր քննադատություն դիտում է որպես սպառնալիք։ Այդ պատճառով էլ մեր դեմ դատական բազմաթիվ գործեր կան։ Ի տարբերություն մյուսների՝ «Ջումհուրիեթ»-ը անկախ է և ոչ մի կառույցի կապված չի։ Թերթերին սովորաբար ճնշում են ղեկավարների միջոցով, սակայն մենք կենտրոնացված ղեկավարություն չունենք, այնպես որ մեզ փորձում են լռեցնել մեր դեմ հարուցված գործերով»,- ասել էր խմբագիրը։
80-90 հազար տպաքանակ ունեցող «Ջումհուրիեթ»-ը, որն առաջին թուրքական թերթերից է, միշտ չէ, որ ընդդիմադիր կողմնորոշում է ունեցել։ Վերջին տարիներին, սակայն, այն աչքի է ընկնում համարձակ հրապարակումներով։ Թերթի նորանշանակ խմբագիր Ջան Դունդարը այս տարվա ապրիլին որոշեց առաջին անգամ հայատառ վերնագրով հոդված հրապարակել։ «Անհրաժեշտ էր, որ թերթը նվիրված լիներ այս հողի մեջ, այս տարածաշրջանում մեծ ցավ ապրած ժողովրդին»,- ասում է։
«Տպեցինք Ցեղասպանության հուշահամալիրի նկարը, որը ես էի նկարել Հրանտ Դինքի հետ Հայաստան կատարած այցելության ժամանակ, ու հայերեն տառերով գրեցինք «Այլևս երբեք»: Մարդկության համար՝ փոքր, բայց մեզ համար շատ մեծ քայլ էր այդ նախադասության զետեղումը մեր թերթի առաջին էջում։ Մենք ուզում էինք, որ այդ ցավի հետ կապված մի բառ մնա մարդկանց հիշողության մեջ: Ընթերցողների արձագանքն այնքան վատը չէր, որքան սպասում էինք։ Ու ինչպես Հրանտ Դինքի թաղումը ցույց տվեց, հասարակությունն արդեն առերեսման պատրաստ է։ Այս երկիրը վերածվեց մի երկրի, որտեղ ավելի ու ավելի շատ մարդիկ են քայլում ու ասում՝ «Ես հայ եմ» արտահայտությունը»,- ասում էր Դունդարը։
«Ջումհուրիեթ» թերթը թուրքական այն եզակի լրատվամիջոցներից է, որը թույլ է տալիս իր լրագրողին ինքնուրույն որոշել՝ չակերտների մեջ գրել Հայոց ցեղասպանությունը, թե՝ առանց դրա։
Իշխանամետ և ադրբեջանական նավթային SOCAR ընկերության հովանավորությամբ աշխատող «Կանալ 24» հեռուստաընկերության ղեկավարի խոսքով՝ Հայաստանին վերաբերող նյութեր իրենք հաճախ են հրապարակում, ապրիլի 24-ին էլ Հայաստան թղթակից են ուղարկում, սակայն «ցեղասպանություն» տերմինը երբեք չեն օգտագործում։
«Ասում ենք «այսպես ասած ցեղասպանություն» կամ «1915-ի դեպքեր», և բացառությամբ որոշ փոքր լրատվամիջոցների, մյուսները հավատարիմ են պետության դիրքորոշմանը, երբ լուսաբանում են Հայաստանի մասին լուրերը»,- ասում է «Կանալ 24»-ի խմբագիրը։
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության փոխնախագահ Սեզին Թանրիկուլուի կարծիքով՝ ամենադժվարը սեփական պատմության հետ հաշտվելն է։ Թանրիկուլուն 2008-ին հայ ժողովրդից ներողություն խնդրած թուրք քաղաքական ու հասարակական գործիչներից մեկն էր։
«Ես գիտեմ բազմաթիվ երկրներ և ժողովուրդներ, որոնք մինչև հիմա ի վիճակի չեն եղել առերեսվել իրենց պատմության հետ։ Մենք հսկայական բեռ ունենք մեր ուսերին, որը փոխանցում ենք հաջորդ սերունդներին։ 2008-ին ես ներողություն խնդրեցի հայ ժողովրդից և ճնշումների ենթարկվեցի դրա համար։ Երբ մենք պատրաստում էինք ներողության տեքստը, մեզ համար դժվար էր ճիշտ բառ ընտրել, և որոշեցին օգտագործել «Մեծ եղեռն» արտահայտությունը։ Մենք կարծում էինք, որ սա անելով՝ քննարկումների համար նոր հնարավորություն կստեղծենք»,- պատմեց Թանրիկուլուն։
Թուրքական խորհրդարանական ուժերից, սակայն, միայն քրդամետ HDP-ն է, որ դարասկզբի իրադարձություններին Ցեղասպանություն անունն է տալիս։ Կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Պալյանի խոսքով՝ քրդերն այժմ իրենց մաշկի վրա են զգում այն ճնշումները, որ բանեցվում էին 100 տարի առաջ։
«Կուսակցության մեր ծրագրում ներառված է Ցեղասպանության ճանաչումը, և մեր կուսակցության ղեկավարները մեկ անգամ չէ, որ այս մասին խոսել են։ Մենք պաշտպանում ենք հավասարությունն ու փոքրամասնությունների իրավունքները։ Քրդական հարցը մեզ համար հիմա ամենակարևորն է, քանի որ նրանք հիմա ապրում են նույնը, ինչ հայերը տասնամյակներ առաջ։ 100 տարի առաջ մենք այդքան կազմակերպված չէինք, այդ պատճառով նրանք մեզ հեշտությամբ սպանեցին, հիմա քրդերը պատասխանում են ֆաշիստական շարժումներին։ Նույն գաղափարախոսությունն ու համակարգն է և նույն ճնշումը քրդերի վրա»,- ասում է Պալյանը։
Թուրք գործիչները պնդում էին, որ Ցեղասպանության ու դրա ճանաչման հարցը հետաքրքրում է փոքր խմբերի։ Սակայն նոյեմբերին Ստամբուլում անցկացված գրքի ամենամյա փառատոնի ժամանակ «1915» կազմով հաստափոր գիրքն ամենաշատ վաճառվածներից է եղել։