Մատչելիության հղումներ

Պատգամավորը կուտակայինի օրենքի փոփոխությունների նախագիծը համարում է «զնդան» գործատուի համար


Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ցույց Երևանում, արխիվ
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ցույց Երևանում, արխիվ

Ազգային ժողովն արդեն երկու օր է՝ քննարկում է կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որով կառավարությունն առաջարկում է արգելանք դնել գործատուի գույքի վրա՝ սոցիալական վճարի փոխանցումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում:

Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը բացատրում էր, թե արդեն 262 միլիոն դրամ չի վճարվել, սակայն նախարարությունն այսօր այդ գումարը գանձելու որևէ լծակ չունի:

«Սրանք գործող մեխանիզմներ են, որոնք այսօր կիրառվում են հարկերի և պարտադիր վճարների կատարումը ապահովելու նպատակով։ Պարզապես առաջարկվում է այս ընթացակարգը կիրառել նաև սոցիալական վճարների կատարման մասով, որը հնարավորություն կտա ապահովել այդ վճարների կատարումը բոլոր այն դեպքերում, երբ գործատուները այդ վճարները չեն կատարի»,- պարզաբանել է փոխնախարարը։

Աղմկահարույց կուտակային համակարգի վերաբերյալ այս առաջարկը կրկին բազմաթիվ հարցեր է առաջ բերել: Կառավարության ներկայացուցիչը պնդում էր, որ նոր օրինագիծն ընդամենը տեխնիկական հարցեր է լուծում, մինչդեռ ընդդիմադիր Հրանտ Բագրատյանն ու «Ժառանգություն»-ից Թևան Պողոսյանը վստահ էին՝ առաջարկը նոր խնդիրներ է ստեղծելու աշխատող-գործատու հարաբերություններում:

«Շատ մի գոհ էինք էդ կուտակայինից, հիմա էլ բերում եք օրենք, որ եթե հանկարծ դրանք չմուծվեն, կգան տունն ու տեղը ձեռքներիցդ կառնեն։ Չեմ կարող հասկանալ տրամաբանությունը»,- ասում է Բագրատյանը։

«Հանրության մոտ այս օրենքի տպավորությունը այն է, որ Հարկայինը էլի փող է ուզում ու իր համար է ուզում։ Մենք էլի սխալ մեսիջ ենք ուղարկելու հանրության»,- նկատում է Թևան Պողոսյանը։

Եթե այս առաջարկն ընդունվի, 2017 թվականից, երբ վիճահարույց կենսաթոշակային համակարգը կդառնա պարտադիր նաև մասնավոր հատվածի համար, քչերը թերևս հանդգնեն դեմ գնալ դրան, քանի որ այդ դեպքում կզրկվեն սեփական գույքն օգտագործելու հնարավորությունից: Ի սկզբանե կուտակայինը քննադատող դաշնակցական Արծվիկ Մինասյանը պնդում է՝ սա լուրջ խնդիրներ կարող է ստեղծել շատ մասնավոր ընկերություններում։

«Բայց եթե դուք արդեն էս ձևով եք գնում, դա վերածել քաղաքացիաիրավական հարաբերությունների՝ նույնն է, թե մարդուն գցել զնդանը, հետո էդ մարդու հետ սկսել բանակցությունների մեջ մտնել, թե ինչ պայմաններով ինքը կարող է ազատվել։ Դա ճիշտ չէ, դա խախտում է հիմնարար սկզբունքները»,- ասաց Մինասյանը։

«Ազատության» հետ զրույցում հաշվապահներ Շողեր Բաբայանն ու Մանե Թանդիլյանը նկատում են, որ սոցվճարը ուշացնելու դեպքում գործատուն արդեն իսկ սահմանված կարգով տույժ-տուգանքների է ենթարկվում: Փաստորեն, օրենքի զանգվածային կիրարկումից առաջ կառավարությունը ցանկանում է խստացնել պատժամիջոցները:

«Չգիտեմ՝ էս օրենքը արդեն իսկ կարճ կյանք ունի, դրա համար փրփուրներից կախված փորձում են ամեն կերպ դրա արմատները խորացնեն»,- կարծում է Բաբայանը։

«Այսինքն մենք ունենք իրավիճակ, որտեղ կառավարությունը նոր խոչընդոտներ է ստեղծում գործատուի համար և դրանք չկատարելու համար կալանքի տակ է դնում նրա գույքը։ Գործատուն այսպես թե այնպես գտնվում է մի իրավիճակում, որ պարտավորվում է աշխատել կառավարության համար, և իրականում այս գումարները մենք հասկանում ենք, որ աշխատողներինն են, և ինչու ոչ՝ աշխատողները կարող էին իրենք իրենց համար ներդրումներ կատարել այդ ֆոնդերում»,- ասում է Թանդիլյանը։

Շողեր Բաբայանը նաև նկատում է՝ գործատուի ուշացման համար պատիժներ սահմանող կառավարությունը պատասխանատվության չի ենթարկվում սեփական մասնաբաժինը՝ 5 տոկոսները ժամանակին չփոխանցելու համար.- «Իմ սոցիալական վճարների քաղվածքում նկատում եմ, որ պետության գումարները 2-3, նույնիսկ 5 ամիս ուշացումով են նստել իմ հաշիվներին, այն դեպքում, որ եթե ես ուշացնեմ, յուրաքանչյուր օրվա համար պարտադիր տույժ է կիրառվում»։

Հաշվապահները և ընդդիմադիր պատգամավորները մատնանշում են՝ թե՛ գործող, թե՛ առաջարկվող օրենքը հավասարապես բոլոր կողմերի վրա չի տարածվում: Առաջարկվող օրենքը, ըստ ընդդիմադիր պատգամավորների, նաև հակասահմանադրական է։ «Բա Գագիկ Հարությունյանն ասում էր՝ վերջապես մարդու իրավունքները պիտի գործեն։ Է՞ս ա իրա գրած Սահմանադրությունը, բա ի՞նչ գործ ունի Սահմանադրությունից հետո նման օրենք հայտնվի։ Գնացեք դատարան, թող դատարանը որոշի, փողը վերցրեք»,- ասաց Հրանտ Բագրատյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG