Մատչելիության հղումներ

ԱՄՆ կոնգրեսականը կոչ է անում ԼՂ բանակցություններում խոսքից գործի անցնել


Ամերիկացի կոնգրեսական Էդ Ռոյսը ելույթ է ունենում Վաշինգտոնում Հայ դատի ամերիկյան հանձնախմբի միջոցառմանը, 10-ը դեկտեմբերի, 2015թ.
Ամերիկացի կոնգրեսական Էդ Ռոյսը ելույթ է ունենում Վաշինգտոնում Հայ դատի ամերիկյան հանձնախմբի միջոցառմանը, 10-ը դեկտեմբերի, 2015թ.

Միացյալ Նահանգների Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը կոչ է անում խոսքից գործի անցնել՝ քայլեր ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության գոտում բռնություններին վերջ տալու ուղղությամբ, քանի որ կարծում է՝ սա նաև միջազգային հանրության անելիքն է:

«Այդ իսկ պատճառով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին կոչ եմ անում հատուկ ճեպազրույցի ընթացքում պատասխանել ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացին առնչվող որոշ հարցերի։ Ինչո՞ւ դիպուկահարներին սահմանից հետ չեն քաշում, ինչո՞ւ չեն ստեղծում այդ միջադեպերի հետաքննության մեխանիզմներ»,- Վաշինգտոնում Հայ դատի ամերիկյան հանձնախմբի կազմակերպած «Լեռնային Ղարաբաղի հանձնառությունը խաղաղությանը» խորագրով կազմակերպված միջոցառման ժամանակ ասել է ամերիկացի կոնգրեսականը՝ անդրադառնալով վերջին օրերին ադրբեջանական զինուժի աննախադեպ գործողություններին՝ մասնավորապես, տանկերից կրակելու փաստին։

«1500 փամփուշտ է արձակվել տանկերից և ականանետներից, իսկ Լեռնային Ղարաբաղում այդ պայմաններում ապրում է 140 հազար մարդ՝ տղամարդիկ, կանայք, երեխաներ»,- ասել է ամերիկացի կոնգրեսականը՝ ընդգծելով, որ հաճախ են կոչեր հնչում բռնություններին վերջ տալու մասին, սակայն պատասխանատվություն ոչ ոք այդպես էլ չի կրում տեղի ունեցածի համար։

Ղարաբաղա-ադրբեջանական պատերազմը կանխելու նպատակով Էդ Ռոյսն ու մեկ այլ ազդեցիկ կոնգրեսական Էլիոթ Ինգըլը ամիսներ առաջ էին երեք կետից բաղկացած ծրագիր կազմել, որը, նրանց համոզմամբ, հնարավորություն կտա կանխել պատերազմի վերսկսումը։ Դրանք վերաբերում են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական կողմից բռնության աճը կասեցնելուն ուղղված կոնկրետ քայլերին, այդ թվում՝ շփման գծից դիպուկահարներին հեռացնելը, ԵԱՀԿ դիտորդական գործողություններն ակտիվացնելը, սահմանային միջադեպերի հետաքննությունների մեխանիզմ ստեղծելը:

Օրենսդիրների այս նախաձեռնությանը աջակցություն են հայտնել ավելի քան 80 կոնգրեսականներ։ Ռոյսը կրկին հիշեցրել է, որ Հայաստանն ու Ղարաբաղը կողմ են հանդես եկել այդ նախաձեռնություններին, իսկ Ադրբեջանը՝ ոչ։

«Ես դեռ հույս ունեմ, որ մի օր Լեռնային Ղարաբաղի հրաշալի ժողովուրդը կունենա հնարավորություն ապրելու խաղաղ պայմաններում և վայելելու անվտանգությունը»,- իր ելույթը այսպես է ամփոփել է ամերիկյան Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը Ղարաբաղի անկախությանը նվիրված ամենամյա միջոցառմանը, որին ներկա են մի խումբ ամերիկացի այլ օրենսդիրներ, ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներ, Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG