Ֆինանսների նախարարությունը շարունակում է միլիարդներ ծախսել Դիլիջանում կառուցվող ուսումնական կենտրոնի վրա` հսկայական միջոցներ ուղղելով Ֆուտբոլի, վոլեյբոլի, բասկետբոլի դաշտերի, թենիսի հարթակների կառուցմանը, թանկարժեք խոհանոցային սպասքի ձեռքբերմանը:
Դարձյալ առանց բաց մրցույթի հայտարարման, «Սահակյանշին» ընկերության հետ միայն վերջին երկու ամիսներին կնքվել է շուրջ կես միլիարդ դրամի չորս պայմանագիր: Նախկինում ևս Դիլիջանի ուսումնական կենտրոնի շինարարական աշխատանքների առյուծի բաժինը «Սահակյանշինն» է իրականացրել:
Մեկ ամիս առաջ կնքված ավելի քան 133 միլիոն դրամի պայմանագրով ուսումնական կենտրոնի համար կառուցվելու են թենիսի հարթակներ: Ավելի քան հարյուր միլիոն դրամի պայմանագրով էլ կառուցվելու է ֆուտբոլի դաշտ: Բացօթյա սպորտհրապարակների ծածկույթի ապահովման համար էլ նույն ընկերության հետ կնքվել է ավելի քան 215 միլիոն դրամի պայմանագիր:
Առանց բաց մրցույթի հայտարարման, բանակցային եղանակով գնումների իրականացումը, ըստ օրենքի, հնարավոր է միայն հրատապ դեպքերում, կամ այլընտրանքի բացակայության պարագայում: Պետական գնումների ոլորտում մասնագիտացած տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը տարակուսում է՝ ինչո՞ւ ֆինանսների նախարարությունը չէր կարող օրենսդրությամբ նախատեսված 40 օրում բաց մրցույթ իրականացնել:
«Բանակցային գործընթացը զուտ իրենց ուզած ընկերությանը ընտրելու և պատվեր իջեցնելու համար է և ձևական մի գործընթաց է: Ինչպե՞ս է ստացվել, որ ֆինանսների նախարարությունը չգիտեր, որ տվյալ շինարարական աշխատանքը պիտի կատարվի ուսումնական կենտրոնում: Մի քանի ամիս առաջ պիտի բոլոր նախահաշիվները, նախագծերը պատրաստ լինեն, հայտնի լինի ֆինանսավորման աղբյուրը, որպեսզի կարողանան իրականացնել էդ շինարարությունը»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Հայկ Գևորգյանը:
Ֆինանսների նախարարությունը շարունակում է նաև ուսումնական կենտրոնի թանկարժեք կահավորումը: Մեկ ամիս առաջ կնքված պայմանագրով խոհանոցային սպասքի երեք հավաքածուների վրա ծախսվել է շուրջ 41 միլիոն դրամ: Ձեռք են բերվել ճենապակյա ափսեներ, սիգարի կտրիչներ, կոկտեյլի գդալներ և այլն: Մեկ այլ պայմանագրով էլ ավելի քան 30 միլիոն դրամ է ծախսվել վարագույրների ու անկողնային պարագաների համար, շուրջ 20 միլիոն դրամ էլ արժեցել են կենտրոնի համար ձեռք բերված ներքնակները:
Ֆինանսների նախարարությունից «Ազատությանը» հայտնել էին, որ ուսումնական կենտրոնի համար բյուջեից, ընդհանուր առմամբ, հատկացվել է 13.5 միլիարդ դրամ: Հայկ Գևորգյանը, ուսումնասիրելով կենտրոնի կառուցման վերաբերյալ առկա փաստաթղթերը, պնդում է, որ իրականում ավելին է ծախսվել:
«Շինարարության վրա ծախսվել է 20 միլիարդ դրամ, բայց, կրկնում եմ՝ դա բաց, բոլորին հասանելի փաստաթղթերն են, որոնք հնարավոր է գտնել, ասենք, համացանցում: Թե ինչ մեխանիզմներով են ֆինանսավորվում աշխատանքները ուսումնական կենտրոնում, ես, ճիշտն ասած, կդժվարանամ ասել, որովհետև ես որքան փնտրել եմ, պետբյուջեով նման ծախսեր նախատեսված չեն»:
Դիլիջանի ուսումնական կենտրոնը, ըստ Ֆինանսների նախարարության, ծառայելու է դասընթացների ու նախարարության աշխատակիցների վերապատրաստման համար: Տնտեսական մեկնաբանը այդչափ ճոխ ծախսերն արդարացված չի համարում:
«Անբնական է, երբ ինչ-որ մի պետական մարմին իր համար նման կոմֆորտով հանգստյան տուն է կառուցում, որի անունը դրվում է ուսումնական կենտրոն»,- ասում է Հայկ Գևորգյանը:
Կենտրոնը կառուցվում է 2011-ից և պետք է շահագործման հանձնվեր այս տարեվերջին, սակայն, ֆինանսական միջոցների սակավության պատճառով կառավարությունը շահագործումը հետաձգեց մինչև 2016թ․: