Մատչելիության հղումներ

«Ազատության» լրագրողի աշխատանքը խոչընդոտելու փաստով քրեական գործ է հարուցվել


«Այո»-ի շտաբի դիմաց կանգնած կինը խոչընդոտում է լրագրող Անուշ Մկրտչյանի աշխատանքը, 6-ը դեկտեմբերի, 2015թ.
«Այո»-ի շտաբի դիմաց կանգնած կինը խոչընդոտում է լրագրող Անուշ Մկրտչյանի աշխատանքը, 6-ը դեկտեմբերի, 2015թ.

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) հայտնում է, որ «Ազատություն» ռադիոկայանի ներկայացուցիչների կողմից հանրաքվեի ընթացքը լուսաբանելու՝ իրենց լիազորությունների ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքով հարուցվել է քրեական գործ։

ՀՔԾ-ն գործը հարուցել է ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Քաղաքացու ընտրական կամ հանրաքվեի իրավունքի ազատ իրականացմանը կամ ընտրական կամ հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքին խոչընդոտելը, ինչպես նաև ընտրական կամ հանրաքվեի հանձնաժողովի կամ նախաձեռնող խմբի անդամի, թեկնածուի կամ նրա վստահված անձի, դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) լիազորած անձի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` վեց ամսից մեկ տարի ժամկետով): Կատարվում է նախաքննություն։

ՀՔԾ հաղորդագրությունում նշվում է՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Անուշ Մկրտչյանը հայտնել է, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Երևանի Կոմիտաս 56 հասցեում գտնվող «Այո» ընտրական քարոզչական շտաբի դիմաց, իր լիազորություններն իրականացնելու ժամանակ, հիշյալ շտաբից դուրս է եկել ինքնությունը չպարզված տղամարդը, ձեռքով փակել է տեսախցիկի օբյեկտիվը՝ խոչընդոտելով տեսանկարահանման բնականոն ընթացքը և պահանջել է հանձնել տեսախցիկը կամ հիշողության կրիչը:

Նույն օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում, հիշյալ շտաբի դիմաց ինքնությունը չպարզված կինը դուրս է եկել շտաբից, մոտեցել է իրեն` կրկին պահանջելով դադարեցնել նկարահանումները և հեռանալ: Այնուհետև նույն կինը հրել է իրեն` վիրավորանքներ հնչեցնելով ինչպես իր, այնպես էլ՝ նույն ռադիոկայանի օպերատորի հասցեին: Այս կերպ՝ ինքնությունը չպարզված անձինք, դիտավորյալ գործողություններով, խոչընդոտել են «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ա. Մկրտչյանի և օպերատոր Գ. Ազիբեկյանի կողմից ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքը լուսաբանելու իրենց լիազորությունների ազատ իրականացմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG