«Ազատությունն» ահազանգեր է ստացել տասնյակ քաղաքացիներից, որոնք պնդում են՝ դեկտեմբերի 6-ին խախտվել է ընտրելու իրենց իրավունքը: Մեր զրուցակիցներից 4-ը ասացին՝ քվեարկության օրն իրենց փոխարեն այլ մարդ է քվեարկել:
Զարուհի Մուրադյանը Կենտրոնի 10/23 ընտրատեղամաս է գնացել երեկոյան ու պարզել, որ իր ու որդու փոխարեն արդեն քվեարկել են: Մուրադյանը դիմել է ոստիկանություն, «Ազատությանը» փոխանցեցին՝ Կենտրոնի բաժանմունքում հետաքննություն է սկսվել:
Զարուհին այսօր նաև դատախազություն է դիմել՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել մեղավորներին։
«Նախագահն ինձ համոզում էր, որ ID քարտերով են գալիս, որոնց վրա հասցե չկա։ Ասում եմ՝ լավ, էդ ո՞նց եղավ, որ հենց գիտեին, որ էս երկու հոգին՝ էս նույն բնակարանից, փաստացի հիմա այդտեղ չեն ապրում։ Ուրեմն ինչ-որ մեկը տեղեկություն տվել էր, չէ՞։ 8-ին 5 պակաս, երբ արձանագրությունը արդեն կազմվել էր, ինձ հարցրեցին, ասացին՝ բա դուք չե՞ք ուզում ընտրել, ասացի՝ իհարկե ուզում եմ, բա ինչի՞ համար եմ եկել։ Զայրացած էի, հուզված էի, որ ես ուշադիր չնայեցի՝ գրանցամատյանում սլաք արեցին, իմ տվյալները լրացրեցին, և ես ստորագրեցի, վերցրեցի, քվեարկեցի»
Փաստաբան Հասմիկ Ռաֆայելյանը մոր ու քրոջ հետ է այցելել Երևանի 8/08 տեղամաս ու պարզել, որ իրենց ազգանվան դիմաց այլոք են ստորագրել ու քվեարկել: Կատարվածի մասին բաց նամակ է հրապարակել, այսօր էլ Քննչական կոմիտե հարցաքննության է հրավիրվել։
«Մի քանի անգամ պահանջեցի, որ արձանագրեն խախտումը ու հնարավորություն տան մասնակցել հանրաքվեին։ Նախագահն ասաց՝ դուք չպետք է ասեք ես ինչ անեմ, դուրս հրավիրեց իրենց։ Ու ես դուրս եկա։ Այդպես էլ չվերականգնվեց։ Ու նույնիսկ ինձ ձեռ են առնում, ասում են՝ մի անհանգստացեք, երեք հոգի եկել են ձեր փոխարեն «ոչ» են ասել»։
Վահե Երիցյանն ու իր կինը ևս Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի 3/04 ընտրատեղամասից հեռացել են առանց քվեարկելու՝ նրանց փոխարեն արդեն ընտրել էին: Վահեն ոստիկանություն չի դիմել, բայց պնդում է՝ լավ է, որ իրենց տեղամասում «ոչ»-ը հաղթել է:
«Ես հարցնում եմ՝ սա ո՞նց ա եղել, ասում են՝ միգուցե պատահական վրիպակ ա եղել, նման բաներ լինում ա։ Իրենք վստահ չէին նույնիսկ, որ քվեարկվել ա։ Ասում էին՝ կարող ա հալա չեն հասցրել գցել մեջը։ Ես դիմել եմ իրավաբանի, ինձ ասել են, որ որևէ կերպ չկար իմ իրավունքը վերականգնելու, դա է պատճառը, որ ես ուրիշ ոչ մի քայլ չձեռնարկեցի, որովհետև ինձ ասացին նույնիսկ մեկ տոկոս շանս չկա»։
Գյումրեցի Նազելի Բաղդասարյանը 35/37 տեղամասում է արձանագրել, որ իր փոխարեն քվեարկել են:
«Ես իմ քաղաքացիական պարտքը այդպես էլ չկատարեցի, ուղղակի զրկեցին ինձ հանրաքվեին մասնակցելու իրավունքից։ Հանձնաժողովի անդամների կողմից նույնիսկ առաջարկ եղավ, որ ես էլ մեկ ուրիշի տեղը ստորագրեմ։ Փորձեցի բացատրել, որ դա հանցագործություն է, ես չեմ ուզում որևէ կերպ մասնակից դառնալ»։
Երևանի բնակիչ Վալյա Շտոյանն էլ «Ազատությանը» պատմեց՝ Կիևյան 5 հասցեում գտնվող իր տանը գրանցված անծանոթի անուն է հայտնաբերել: Զանգահարել, անգամ դիմում է գրել ոստիկանություն, սակայն անծանոթ տղամարդը գրանցումից չի հանվել և հայտնվել է այդ տեղամասի ընտրացուցակներում: Վալյա Շտոյանը ուսումնասիրել է առքուվաճառքի փաստաթղթերը, պարզել է՝ իր տանը գրանցված տղամարդը նախկին սեփականատերերից չէ, բայց թաղային լիազորը արտասովոր ոչինչ չի արձանագրել, ավելին՝ պնդել է, թե անծանոթը բնակվում է իր տանը:
«Ասում են՝ լավ, ճշտել ենք, այդ մարդը արդեն չի աշխատում՝ այդ թաղայինը։ Ես ուզում եմ՝ ով որ այս մարդուն հաշվառման է վերցրել, անկախ այն բանից՝ աշխատում է, չի աշխատում, պատասխանատվության ենթարկվի»։
Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն ասաց՝ սեփականատերն ուշ է դիմել ոստիկանություն՝ վերջնական ցուցակները հրապարակելուց երկու օր առաջ: Բայց պնդեց՝ քաղաքացին կհանվի գրանցումից, իսկ թե ով ու ինչպես է նրան գրանցել այդ հասցեում՝ ոստիկանությունը կուսումնասիրի:
Ուրիշի փոխարեն քվեարկության դեպքերով ԿԸՀ-ն չի զբաղվում: Խոսնակ Հերմինե Հարությունյանն ասաց՝ եթե ընտրողը կարծում է, որ խախտվել է իր իրավունքը, կարող է դիմել իրավապահ մարմիններին: