Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղում սահմանադրական փոփոխություններին «այո» է ասել հանրաքվեին մասնակցած քաղաքացիների շուրջ 95 տոկոսը: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների՝ 1219 քվեարկածներից միայն 62-ն են դեմ եղել Սերժ Սարգսյանի նախաձեռնությանը:
Շուրջ 25 տարի Մայակովսկու համայնքապետ Վահագն Բարսեղյանն ու նրա օգնականը մեր այցելության պահին գյուղապետարանում չէին, իսկ ավագանու սենյակում ժամանակ անցկացնող գյուղացիները «Ազատության» հետ զրույցում միաբերան պնդեցին՝ «այո» են ասել Սահմանադրության փոփոխությանը։
«Հլը քիչ ա, որ 95 տոկոսը «այո» ա էղել, պտի 99 ըլներ, որովհետև մեր գյուղը սենց ա, սաղս հանրապետական ու «Բարգավաճ» ենք։ Ես խոսքի Նաիրա Զոհրաբյանին շատ եմ սիրում, դրա համար էլ «այո» եմ քվեարկել»,- ասաց գյուղացիներից մեկը։
Ըստ պաշտոնական տվյալների՝ Մայակովսկիում հանրաքվեին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցողների շուրջ 74 տոկոսը: Մեզ հանդիպած գյուղացիների մի մասը, սակայն, տեղյակ չէր հանրաքվեից:
«Բայց իմացե՞լ ենք, որ էթանք», «Էղե՞լ ա արդեն, պրծե՞լ ա»,- հարցնում էին նրանք։
Թե ինչն ինչպես է փոխվելու հանրաքվեից հետո, գյուղացիներից որևէ մեկը հստակ չկարողացավ ասել: Ժորա Հովասափյանը պնդեց՝ իրենց դիրքորոշումը կարևոր չէ. - «Եթե կողմ ըլնեինք, էլի կանցներ, դեմ ըլնեինք՝ էլի։ Ավելի լավ ա կողմ ըլնենք»։
Գյուղում առևտրով զբաղվող Վալյա Խաչատրյանը բացառեց, թե քվեարկության ժամանակ կաշառք է բաժանվել։ «Եթե լիներ, ես շուտ խաբար կլինեի, թող փորձեին ինձ չտային։ Ես դժգոհ էլ չեմ իմ «այո»-ից, ով դժգոհ կլինի, գոհ կլինի, Աստված իրա հետ։ Ես ոչ մեր պրեզիդենտից եմ դժգոհ, ոչ էլ իմ «այո»-ից»,- ասաց նա։
Մայակովսկիում մեզ հանդիպած գյուղացիները միաբերան դժգոհում էին սոցիալական խնդիրներից՝ այդպես էլ չկարողանալով բացատրել, թե այդ դեպքում ինչու են «այո» ասել իշխանության նախաձեռնությանը: Սահմանադրական փոփոխություններին կողմ էր քվեարկել նաև Մայակովսկու մեկ այլ խանութի աշխատակցուհի Լաուրա Բաղդասարյանը:
«Ընդհանրապես պարտքով են անում առևտուրը, փող չկա, աշխատանք չկա, մարդիկ ուզում են առևտուր անեն, բայց փող չունեն։ Գյուղապետը ի՞նչ անի, որ երկիրը երկիր չի»,- ասաց Բաղդասարյանն ու հավելեց.- «Հանրաքվեն շատ նորմալ էր անցնում, շատ լավ, մեր գյուղի նախագահն ամեն ինչը նորմալ կազմակերպել էր։ Ես «այո» եմ քվեարկել, չգիտեմ ինչի, տենց եմ քվեարկել»։