Ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար Մերուժան Հակոբյանի փոխանցմամբ՝ ահազանգերի մեծամասնության վերաբերյալ տեղում պարզաբանումներ են տրվել, իսկ ընթացք տրվել է միայն 16 ահազանգի:
Հակոբյանի խոսքով՝ հերքվել է ընտրատեղամասերից մեկում կրակոցների ու զենքով ընտրատեղամաս մտած անձի վերաբերյալ ահազանգը:
Ոստիկանության պաշտոնյայի հավաստմամբ՝ չեն հաստատվել նաև ընտրացուցակների անճշտությունների վերաբերյալ լուրերը․ - «Օրինակ, մի դեպքում մի կին հայտնել էր, որ իր քույրը մահացել է ամիսներ առաջ, սակայն ընդգրկված է ընտրացուցակում: Համապատասխան ստուգումները ցույց տվեցին, որ ուղղակի մահվան վկայականը չի ներկայացրել համապատասխան մարմիններին»:
Ըստ Հակոբյանի, ոստիկանությունը երեկ 24.00-ի տվյալներով հանրաքվեի վերաբերյալ 268 ահազանգ է ուսումնասիրել, որոնց մեծ մասը՝ համացանցից են ստացել: Դրանցից 18-ը վերաբերել են լրագրողների աշխատանքը խոչընդոտելուն, այդ թվում՝ «Ազատության» թղթակցի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքը Արաբկիր վարչական շրջանում:
Այս պահի դրությամբ ոստիկանությունը շուրջ 50 գործ է ուղարկել նախաքննական մարմիններ:
Քննչական կոմիտեում երկու քրեական գործ է հարուցվել՝ այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ: Ընդհանուր առմամբ ընտրախախտումների վերաբերյալ կոմիտեն 127 հաղորդում է ստացել, մեծ մասը՝ Երևանից: Երկու քրեական գործ էլ հարուցվել է Հատոկ քննչական ծառայությունում: Ծառայությունից տեղեկացանք, որ լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա շարունակվում է մի շարք նոյւթերի նախապատրաստումը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը երկու նամակ է հասցեագրել Գլխավոր դատախազին․ մեկը «Ասպարեզ» ակումբի գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ, մյուսը՝ մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչների արձանագրած ընտրախախտումների վերաբերյալ:
«Պարզվել է, որ լրագրողը, ում անունից որ դիմումը գրվել է, հայտնել է, տեղեկություն է տրամադրել, որ իրականում ինքը որևէ բողոք չի ներկայացնում և իր իրավունքների խախտում իրականում տեղի չի ունեցել: Մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչների անունից թվարկված են կոնկրետ ընտրատեղամասեր և ենթադրաբար ընտրախախտումների հանգամանքներ էին շարադրված», - «Ազատության» հետ զրույցում ասաց դաատախազ Կարեն Բիշարյանը՝ հավելելով, որ բողոքներն ուղարկվել են ՀՔԾ՝ նյութեր նախապատրաստելու համար: