Պաշտոնական Բրյուսելն ազդարարեց Հայաստանի և Եվրամիության միջև նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը:
Եվրամիության դիվանագիտության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց, թե բանակցային նոր փուլի մեկնարկը թույլ կտա փակել անորոշության էջը, որը ի հայտ եկավ 2013 թվականից հետո։
«Հայաստանի և Եվրամիության միջև 3.5 տարվա բարդ աշխատանքն այսպիսով չի վատնվի։ Այն կդառնա մեր նոր հարաբերությունների հիմքը»,- հայտարարեց Մոգերինին։
Իր հերթին Էդվարդ Նալբանդյանը նշել է.- «Հայկական կողմը վաղուց իր պատրաստակամությունն է արտահայտել Եվրոպական միության հետ շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները սկսելու վերաբերյալ, որն ըստ արժանվույն կարտացոլի մեր համագործակցության խորությունն ու էությունը: Մենք ուրախ ենք, որ մեր հարաբերությունների իրավական նոր հիմքի շուրջ բանակցություններ սկսելու Եվրոպական միության խորհրդի որոշումը մեզ հնարավորություն է տալիս առաջ գնալ այս ճանապարհով»։
«Ես հավատացած եմ, որ մենք այսօր նոր խոստումնալից էջ ենք բացում Հայաստան-Եվրոպական միություն փոխշահավետ հարաբերություններում: Շատերը, ովքեր երկու կողմից պետք է ներգրավվեն բանակցային գործընթացում, նորեկներ չեն և հարուստ փորձ են կուտակել անցյալում: Ես հավատացած եմ, որ նրանց գիտելիքները և նպատակաուղղվածությունը լավագույնս կծառայի ընդհանուր գործին»,- նաև ասել է Հայաստանի արտգործնախարարը։
Հիշեցնենք, այս տարվա հոկտեմբերին Եվրամիության անդամ 28 պետությունները Լյուքսեմբուրգում մանդատ տրամադրեցին Հայաստանի և Եվրամիության միջև նոր համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակցությունների մեկնարկի համար: Նոր փաստաթուղթը, որը կփոխարինի ներկայումս գործող Հայաստան-ԵՄ գործընկերության և գործակցության համաձայնագրին, Մոգերինիի խոսքով՝ հիմնված կլինի մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության սկզբունքների վրա։
Ըստ Եվրամիության դիվանագիտական գերատեսչության ղեկավարի՝ նոր համաձայնագիրը, որի անվանումը դեռևս հստակեցված չէ, միտված է բարենպաստ պայմաններ ստեղծելու կողմերի առավել ամուր համագործակցության համար: Խոսքը, մասնավորապես, տրանսպորտի, բնապահպանության և էներգետիկայի բնագավառների մասին է, ընդգծել է Մոգերինին։
Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիր ստորագրելուց հրաժարված պաշտոնական Երևանը Բրյուսելի հետ մերձեցման փորձեր է անում արդեն որպես Կրեմլի նախաձեռնած Եվրասիական տնտեսական միության անդամ։ ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհանես Հանը այսօր Բրյուսելում լրագրողների հետ հանդիպմանը հիշեցրել է, որ փաստաթուղթը, որի շուրջ կողմերը պատրաստվում են բանակցել, Հայաստանը պետք է նախաստորագրեր 2013-ին Վիլնյուսում։
Սակայն չկարողանալով մերժել ռուսական կողմի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հրավերը, Հայաստանը վերջին պահին հրաժարվեց Եվրամիության հետ մերձեցումից՝ ընտրելով Կրեմլի նախաձեռնած դաշինքը, ասել է հանձնակատարը։
Հանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները, սակայն, միառժամանակ անց դիմեցին Բրյուսելին՝ հարցով, թե կա՞ արդյոք հնարավորություն մեկ այլ պայմանագիր ստորագրելու։
«Եվ ահա մի քանի շաբաթ առաջ մենք ստացանք նոր փաստաթղթի շուրջ բանակցություններ սկսելու մանդատը»,- նշեց Հանը՝ հավելելով, որ Հայաստանի հետ բանակցությունների նոր փուլը վկայում է Բրյուսելի ճկունության մասին. - «Մենք հետաքրքրված ենք բանակցություններով, համագործակցությամբ, մասնավորապես, մեր հարևանների կայունությանը նպաստելու հարցով։ Եվ դա պետք է անպայման ուղեկցվի մեր անդամ երկրների տարածքային ինքնիշխանությունը հարգելով»։
Լրացում
Նախապես կայքում հրապարակվել է Հանի խոսքի ոչ ճիշտ թարգմանություն՝ «տարածքային ինքնիշխանություն» ձևակերպման փոխարեն հրապարակվել է «տարածքային ամբողջականություն» ձևակերպումը, ինչն այնուհետև ուղղվել է:
Ստորև ներկայացնում ենք Յոհանես Հանի հայտարարության ձայնագրությունը և թարգմանությունը:
«Հայաստանը, ինչպես թերևս գիտեք, պատրաստ էր ստորագրել Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը մեզ հետ, բայց ամենավերջին պահին նրանց կանգնեցրին: Նրանք Եվրասիական միությանը անդամակցելու հրավեր ստացան, որը չկարողացան մերժել: Նրանք արեցին դա, այդուհանդերձ, մեզ հարցրեցին, թե արդյոք հնարավորություն կար` մեզ հետ [դրանից] տարբերվող, այդուհանդերձ, պայմանագրային համաձայնագիր ունենալ: Մենք [Եվրոպական] խորհրդին տեղեկացրեցինք այս մասին և մի քանի շաբաթ առաջ ստացանք Եվրամիության մանդատը՝ Հայաստանի հետ բանակցությունները սկսելու: Կտեսնենք, թե ինչը կարող է լինել և ինչպիսին կլինի արդյունքը: Սակայն սա ևս մի օրինակ է, որ մենք ճկուն ենք, որ մենք հետաքրքրված ենք համագործակցությամբ, և որ մենք հետաքրքրված ենք, որպեսզի մեր կոնկրետ հարևանները կայունություն հաստատեն որպես երկրներ, որպես պետություններ: Ի դեպ, դա պետք է ուղեկցվի մեր անդամ պետությունների տարածքային ինքնիշխանության նկատմամբ լիակատար հարգանքով»: