Ընդհանուր առմամբ մեկ քայլ առաջ և ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող, սա է իշխող Հանրապետականի գնահատականը առավոտից սկսված քվեարկությանը:
«Հանրաքվեի ընթացքը ես համարում եմ բավականին ժողովրդավարական և մեր ընդունած միջազգային չափանիշներին համապատասխան: Բնականաբար, կլինեն նաև թերություններ, որովհետև 1997 տեղամասում իրականացվում է քվեարկություն և չեն կարող չլինել որևէ խնդիրներ: Կարևորն այն է, որպեսզի համապատասխան կառույցները արձագանքեն: Իմ ունեցած տվյալներով թե ոստիկանությունը, թե դատախազությունը, թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օպերատիվ կերպով արձագանքում են»,- «Ազատությանը» փոխանցեց իշխող Հանրապետականի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Շարմազանովը հիշեցնում է՝ իրենց պետք չէ կեղծված հանրաքվե: Այնուամենայնիվ, չի բացառում, որ քվեարկության ընթացքում եղել են տեխնիկական խնդիրներ կամ «ոմանք արջի ծառայություններ են մատուցել, հակառակորդներն էլ սադրանքների գնացել»:
«1-2-3 դեպքը չի կարելի կապել ողջ հանրապետությունում տիրող իրավիճակի հետ»,- ասաց ՀՀԿ խոսնակը:
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը մինչդեռ խոսում է խայտառակ հանրաքվեի մասին: Ընտրակեղծարարության ողջ զինանոցով են անցել գործի, անգամ նոր հնարքներ են կիրառում, ասում է ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ հանրաքվեն գնահատելով մի քանի քայլ հետ:
«Երեք քայլ հետ է կամ անգամ քայլերով չի կարելի դատել, սա անկում է, սա խայտառակ ընտրություն է, խախտումները էնքան շատ են, որ ուղղակի դժվարանում ենք անգամ հասցնել արձանագրել»,- ասաց Զուրաբյանը:
Հանրաքվեի ընթացքում առավոտից ընտրակեղծիքներն այնքան շատ են, որ իշխանություններն անգամ չեն կարողանում դրանք խնամքով թաքցնել, պնդում է Զուրաբյանը՝ հավելելով, որ ինտերնետում արդեն այդ մասին տասնյակ տեսանյութեր կան:
«Էնքան շատ պետք է կեղծեն, որ արդյունքը ապահովվի, որ արդեն բացահայտ կեղծիքի են անցնում՝ անգամ առանց մտածելու, թե ինչ ապացույցներ են թողնում, ինչ հետևանքներ է էս ամեն ինչը ունենալու: Ծավալը այնքան են մեծացրել, որ կարողանան ինչ-որ ձևով թեթևացնել և դարձնել «այո»: Հիմա դրա վրա են աշխատում»,- պնդեց ընդդիմադիր պատգամավորը:
Ընդդիմադիր, սակայն «այո»-ի կողմնակի ՀՅ Դաշնակցությունը, ինչպես ՀՀԿ-ն, ևս բացասական չի գնահատում հանրաքվեի գործընթացը՝ այն համարելով օրինական: Կեղծիքների մասին ահազանգեր չեն ստացել, նշեց պատգամավոր Արմեն Ռուստամյանը: