Մատչելիության հղումներ

Ընդդիմությունն ահազանգում է լրացուցիչ ցուցակների միջոցով կատարվող «ապօրինությունների» մասին


Երևանի 114 դպրոցում տեղակայված ընտրատեղամասում մեծ թիվ էին կազմում լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քվեարկողները:
Երևանի 114 դպրոցում տեղակայված ընտրատեղամասում մեծ թիվ էին կազմում լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քվեարկողները:

«Ազատության» հարցերին՝ որտեղ են գրանցված և ինչպես են ստացել ժամանակավոր բնակության փաստաթղթերը, լրացուցիչ ցուցակներում ընդգրկվածները չէին կարողանում պատասխանել:

«Ոչ»-ի համատեղ շտաբը հայտարարում է, որ բազմաթիվ ահազանգեր է ստանում ընտրատեղամասերից՝ կապված լրացուցիչ ցուցակների հետ, որոնք կազմվում են քաղաքացիների հայտերի հիման վրա՝ նրանց քվեարկությունը գտնվելու վայրում ապահովելու համար:

Ընդդիմությունը պնդում է, որ այդ ցուցակներում ընդգրկված են մեծ թվով մարդիկ մարզերից, ովքեր քվեարկելու իրավունք են ստացել Երևանում: «Ազատության» տեսախցիկն այսօր արձանագրեց, որ, օրինակ, Երևանի կենտրոնում թիվ 114 դպրոցի մոտակայքում ավտոտնակի մոտ խմբերով քաղաքացիներ էին հավաքվում, ապա այնտեղ գտնվող անձանցից ստանում ժամանակավոր գրանցման փասատթղթեր ու մտնում ընտրատեղամաս: Ի դեպ, այս մասին ահազանգեցին նաև քաղաքացիները: «Հեն ա, նկարի, թե ինչեր են անում, թղթերը-մըղթերը փոխում են․․․»,«նայում եմ՝ ներվայնանում եմ»:

Դպրոցում տեղակայված տեղամասում գերիշխում էին հատկապես Կոտայքի մարզի բնակիչները, որոնք շատ ավելի մեծ ակտիվությամբ էին մասնակցում Երևանի կենտրոնում ընթացող քվեարկությանը, քան սովորական ցուցակնում ընդգրկվածները: Մեր հարցերին, թե որտեղ են գրանցված, ինչպես և որտեղից են ստացել ժամանակավոր բնակության փաստաթղթերը, նրանք չէին կարողանում պատասխանել: «Հրազդանից եմ, մեր ցանկությամբ ենք եկել, ես լեզու չունեմ, չեմ կարա պատասխանեմ․․․», «Նորքում վարձով եմ ապրում, ես եմ ուզել, որ ստեղ քվեարկեմ»:

Երբ ցանկանում էինք հարցերի միջոցով պարզել, թե որ հասցեում են գրանցվել և որտեղից են վերցրել քվեարկությունը թույլատրող ժամանակավոր գրանցման տեղեկանքը, միջամտեց ՀՀԿ-ի վստահված անձ Դավիթ Սիմոնյանը՝ խոչընդոտելով մեր աշխատանքը: «Ինձնից վերցրա ինտերվյու, էկել եք՝ ամեն մարդու վրա կամերան պահում եք, հասկացանք, որ ձեր իրավունքն ա․․․»:

Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով այդ տեղամասում «ժառանգության» վստահված անձն էր, ասաց, որ այս կարգի ահազանգեր ստանում են առավոտից, ինչը նշանակում է, որ գործի է դրվել ընտրակեղծիքի նախապես մտածված հնարք: «Հատուկ ուղղորդման գործընթաց է տեղի ունենում, տեսեք, փախնում են, նույնիսկ ամաչում են․․․դե եկեք ներկայացեք, ինչու՞ եք եկել այստեղ, եթե խնդիր չունեք, ներկայացեք, ու՞մ եք սպասում ․․․ »,- դիմելով լրացուցիչ ցուցակներում ընդգրկված բազմաթիվ քվեարկողներին, հարցնում էր Փոստանջյանը:

Լրացուցիչ ցուցակների հետ կապված նույնպիսի խախտումների մասին, որոնք տեղի են ունեցել թիվ 9/11 տեղամասում, ահազանգել է նաև «Ժառանգություն»-ից Հովսեփ Խուրշուդյանը։ Այս տեղամասում, ի դեպ, քվեարկել են նախագահ Սերժ սարգսյանը և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Մի մեծ խումբ քաղաքացիներ, Փարաքարի գրանցումով, եկել էին էստեղ, ասում էին, որ էստեղ են աշխատում: Բայց իրենք դեռ չէին նայել էստեղ իրենց տրվող փաստաթղթերը․․․և երբ իրենց հարցնում էի՝ որտեղի՞ց են, ասում էին՝ Քյավառից: Ասում եմ՝ բայց էստեղ Փարաքար ա գրած: Այսինքն՝ ինքը նույնիսկ թուղթը չէր նայել, իրեն թուղթը տվել էին, ասել էին՝ էստեղ կգաս կքվեարկես․․․»,- պատմեց Խուրշուդյանը:

Այսօր ավելի ուշ ոստիկանությունն արձագանքեց ընդդիմադիրների վերոհիշյալ ահազանգերին: Տարածված հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է․

«Լրացուցիչ ցուցակները կազմվել են օրենքով սահմանված կարգով և ժամկետում: Անհատական տվյալների կրկնությունների նկատմամբ հանրային վերահսկողությունը ապահովելու համար օրենքով սահմանված կարգով դրանք հիմնական ցուցակների հետ տրամադրվել են նաև ընտրական տեղամասերի հանձնաժողովների նախագահներին և տեղադրվել ՀՀ ոստիկանության պաշտոնական www.police.am կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ: Յուրաքանչյուր ոք կարող է ներբեռնել ամբողջական ցուցակները և համոզվել, որ անձի տվյալները ընդգրկված են միայն մեկ տեղ և մեկ ցուցակում»:

XS
SM
MD
LG