«Հաշվի առնելով աշխարհաքաղաքական բարդ իրադրությունը և փորձելով խանգարել Հայաստանի և Արցախի Հանրապետություններում ընթացող պետական նշանակության միջոցառումները, հակառակորդը շարունակում է ապակայունացնել իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ ինտենսիվորեն տարբեր տրամաչափի հրաձգային, ականանետային և հրթիռային զինատեսակներից խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը», - ասված է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրությունում:
Ըստ հաղորդագրության՝ դեկտեմբերի 5-ին և լույս 6-ի գիշերը զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 180 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (69 արկ), 82 (229 արկ), 120 (40 արկ) միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 (142 արկ) և ՌՊԳ-7 (1 արկ) տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3500 կրակոց: Հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի զենիթահրթիռային կայանք (24 արկ):
Հակառակորդի հրետակոծության հետևանքով դեկտեմբերի 5-ին՝ ժամը 18:45-ի սահմաններում ականապայթյունային վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի 20-ամյա զինծառայող Վարազդատ Իշխանի Խաչատրյանը:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ «հակառակորդի արկածախնդիր մարտավարությունը անպատասխան չի մնալու, և ստեղծված իրադրության ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»: