Մատչելիության հղումներ

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կդիտարկեն 18 տեղական հասարակական կազմակերպություններ


Ներկայացվածությամբ առաջինը Ազատ հասարակության ինստիտուտն է (728 դիտորդ), 2-րդ տեղում է «Թրանսփարենսի Հայաստան» հակակոռուպցիոն կենտրոնը (435 դիտորդ)։

Ազատ հասարակության ինստիտուտի ղեկավար Էդգար Հակոբյանը ասաց, որ մասնակցել են մի քանի համապետական ընտրությունների և փորձ արդեն ունեն։ Այս անգամ աշխատելու են առանց դրամաշնորհի, սեփական ուժերով։

Հարցին, թե արդյոք ունեն խնդրահարույց տարածքների ու տեղամասերի ցանկ, որտեղ ավելի ուշադիր են գործելու, Հակոբյանը պատասխանեց․ - «Հատուկ, որ ասենք, չգիտեմ, թիվ 5 ընտրատեղամասում շատ ռիսկային ա, որ, ասենք, կողքի հայաթի «լավ տղեքը» կարող ա գան և այլն, տենց ընտրատեղամասեր չկան»:

«Թրանսփարենսի Հայաստան» հակակոռուպցիոն կենտրոնն ունի ընտրատեղամասերի ցուցակ, որտեղ ենթադրում են, որ ընտրությունները խնդրահարույց են լինելու, բայց կազմակերպության անդամ Սոնա Այվազյանի խոսքով, այնուամենայնիվ, ներկայացուցիչներ փորձելու են ունենալ բոլոր տարածքներում․ - «Հուշել ենք, որ հիմնական գործիքը ընտրությունների կեղծման, դա ընտրացուցակներն են, և բացակա անձանց փոխարեն քվեարկություն է գնում, կամ նկարչություն, կամ լցոնում․․․ տարբեր եղանակներ են օգտագործվում: Դա կանխելու համար պարզապես տվել ենք նրանց խորհուրդներ՝ ինչպես ավելի արդյունավետ կերպով դիտարկեն քվեարկությունը»:

Ի տարբերություն նախագահական և խորհրդարանական ընտրությունների՝ ԵԱՀԿ-ն հայաստանյան հանրաքվեին կհետևի շատ փոքր խմբով։ Այս պարագայում կկարողանա՞ն արդյոք տեղական դիտորդական խոշոր առաքելություններն իրենց զեկույցներում արտացոլել քվեարկության գործընթացի իրական պատկերը։

Ազատ հասարակության ինստիտուտի ղեկավարի խոսքով, իրենք միշտ միջազգային չափանիշներին համապատասխան զեկույցներ են գրում՝ սխալվելու փոքր հավանականությամբ։ Սոնա Այվազյանը ևս իրենց ուժերի վրա վստահ է, թերահավատ է մի շարք այլ դիտորդական կազմակերպությունների հարցում:

«Կեղծ դիտորդներ կան», - պնդում է Այվազյանն ու պարզաբանում․ - «Իրենք քանակություն ապահովելով, պարզապես ցույց տալով, որ այդքան շատ դիտորդ ունեն՝ նրանք որևէ էական բան չեն բացահայտում, այսինքն՝ չեն ուզում երևի բացահայտեն, որովհետև նրանց առաքելությունը ոչ թե դիտորդությունն է: Նրանց առաքելությունը հենց կոծկելն է տեղ գտած խախտումները, կամ լեգիտիմացնելը այդ խախտումների: Դրա համար շատ կարևոր է, որ դիտորդական առաքելությունները նախ լինեն իրական կազմակերպություններ և ոչ թե կապված լինեն, փոխկապակցված լինեն պետական կառույցների և նրանց ներկայացուցիչների հետ, և նորմալ դիտորդություն իրականացնեն»:

Կասկածելի կազմակերպությունների շարքում հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչը նշում է նաև դիտորդների ամենամեծ թիվն ունեցող Ազատ հասարակության ինստիտուտը, որը դեռ 2009-ին մի հայտարարությամբ սատարել է Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությունն ու հայ-թուրքական արձանագրությունները։

«Ես դիտորդ եմ ընտրությունների ժամանակ: Ես դիտարկում եմ, որպեսզի տեսնում՝ ընտրությունը անցել ա ըստ օրենքի՞, թե՞ ոչ: Բայց, դրանից զատ, ես լիիրավ իրավունք ունեմ ու ես ունեմ իմ տեսակետը, իմ կարծիքը, իմ տեսլականը ցանկացած խնդրի վերաբերյալ: Եվ իմ իրավունքն է ողջունել նախագահի այս կամ այն քայլը, կամ վարչապետի այս կամ այն քայլը, կամ քննադատել մյուս քայլը», - հակադարձեց Ազատ հասարակության ինստիտուտի ղեկավար Էդգար Հակոբյանը:

Նաև Հանրային խորհրդի ենթահանձնաժողովի նախագահ Հակոբյանը կտրականապես հերքեց, թե իրենք որևէ կապ ունեն իշխանությունների հետ։

«Ազատության» հետ զրույցում նա արձագանքեց դեռ 2013-ին լրատվամիջոցներից մեկում տեղ գտած հրապարակմանը, թե իրենց կազմակերպությունը բրիտանական մի PR ընկերության պատվիրել է Reuters-ում գովազդային հոդված տեղադրել նախագահական ընտրությունների բարձր որակի և օրինականության վերաբերյալ։ Հակոբյանի պնդմամբ՝ իրենք զեկույցը տարածել են բոլոր հնարավոր հասցեներով ու չգիտեն, թե դրա վերաբերյալ հոդվածն ինչպես է հայտնվել Reuters-ում:

XS
SM
MD
LG