Մատչելիության հղումներ

Շփման գծում դիվերսիոն փորձ է արձանագրվել, հայկական կողմը մեկ զոհ ունի


Ղարաբաղ-Ադրբեջան շփման գիծ, արխիվ
Ղարաբաղ-Ադրբեջան շփման գիծ, արխիվ

Ընտանիքում այս օրերին զոհված զինվորի զորացրմանն էին սպասում։

Ղարաբաղյան կողմը հաղորդում է լուսադեմին սահմանին արձանագրված դիվերսիոն փորձի մասին, որի հետևանքով հայկական կողմը մեկ զոհ է ունեցել։ Ըստ Պաշտպանության բանակի մամուլի ծառայության՝ ժամը 4։30-ի սահմաններում Թալիշի ուղղությամբ հակառակորդը հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել։ Զոհվել է 20-ամյա զինծառայող Էրիկ Էդիկի Գրիգորյանը։

Էրիկը Սյունիքի մարզի Շաքի գյուղից է, գյուղապետ Վահան Ղազարյանն «Ազատության»-ը պատմեց՝ ընտանիքում այս օրերին նրա զորացրմանն էին սպասում։

«Ծնողները սպասում էին, գյուղում էլ գիտեին, դե, հետաքրքրվում ենք մեր էրեխեքից որը երբ է գալու։ Մոտավոր գիտեինք, որ առաջիկա մի քանի օրվա մեջ պիտի զորացրվի։ Հինգ երեխա են, հայր չունեն, մահացել է, չարչարվող, ապրող մարդիկ են՝ բոստանով, հայաթով, հողով։ Որ տարին ուժերը ինչքան պատեր։ Կարելի է ասել անապահով ընտանիք է»,- փոխանցեց գյուղապետը։

Սահմանի այս լարվածությունը հաջորդեց հենց երեկ Բելգրադում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների համատեղ հայտարարությանը, որտեղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրը պնդել էին, թե ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Նրանք կոչ էին արել կողմերին հնարավոր սեղմ ժամկետներում նվազեցնել լարվածությունը և ընդգծել, որ կարգավորման լավագույն ձևաչափը Մինսկի խումբն է։

Բելգրադում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պնդել է՝ սա Բաքվի պատասխանն էր Մինսկի խմբին։

«Եռանախագահների հետ հանդիպման ժամանակ ասել եմ, որ ԵԱՀԿ նախարարական խորհրդի յուրաքանչյուր հանդիպումից առաջ Ադրբեջանը թուլացնում է լարվածությունը սահմանին, և երբ հայտարարությունն ընդունվում է՝ անմիջապես հետևում է լարվածության աճ: Եռանախագահները կոչ են անում զերծ մնալ ուժի կիրառումից, լարվածությունից, խաղաղ ճանապարհով կարգավորել հարաբերությունները, և Ադրբեջանն այդպես է պատասխանում այդ հայտարարությանը»,- ասել է Հայաստանի արտգործնախարարը։

Լեռնային Ղարաբաղի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ազատության» հետ զրույցում չբացառեց, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին նոր լարվածությունը պայմանավորված է Թուրքիայի վարչապետի՝ այսօր Բաքու կատարած այցով։

«Ադրբեջանում է գտնվում Թուրքիայի պատվիրակությունը, իրենց մեծ եղբայրը՝ Դավութօղլու և այլն։ Թուրքերը, իմ կարծիքով, փորձելու են վատ դերակատարություն ունենալ տարածաշրջանում»,- ասաց Բաբայանը։

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ Ռուսաստանը և Թուրքիան լարված հարաբերությունների այս շրջանում միմյանց պատժելու հնարավորություններ ու նոր հարթակներ են փնտրում։

«Ղարաբաղյան հակամարտությունը դառնում է բավականին զգայուն կետ ռուս-թուրքական հարաբերությունների լարվածության այս խորապատկերին՝ նկատի ունենալով, որ Թուրքիան կփորձի գոնե այդ կերպ պատասխանել Ռուսաստանին և նրա շահերի դեմ որոշակի գործողություններ իրականացնել։ Այս պահին պետք է արձանագրել, որ իհարկե, Մերձավոր Արևելքի և Ուկրաինայի խորապատկերին Ռուսաստանին անվերահսկելի լարվածության աճ Հարավային Կովկասում ցանկալի չի թվում»,- ասաց Սաֆարյանը։

Ըստ քաղաքագետի՝ երկրորդ գործոնը նախագահների մակարդակով հանդիպումն է։ Միջնորդները ձգտում են, որ Սարգսյան-Ալիև հանդիպումը կայանա մինչև տարեվերջ, սակայն ժամկետի ու վայրի մասին լուրեր դեռ չկան։

«Արդեն երկու տարի է՝ փորձ է արվում նախագահների կանոնավոր հանդիպումներ անցկացնելու, դա չի ստացվում։ Հիմնական խնդիրը Ադրբեջանի նախագահի մեջ է, ով ոչ միայն շահագրգռություն չունի Մինսկի խմբին լեգիտիմություն հաղորդելու կամ վերադարձնելու լեգիտիմությունը հակամարտության կառավարման և կարգավորման գործում, այնպես էլ որևէ կերպ այլևս չի կարող ընդունելի համարել սեղանին առկա տարբերակները, որ նախկին տասնամյակներում քննարկվում էին, հետևաբար, ինչպես ընդունված է ասել ֆուտբոլի լեզվով, գնդակը գտնվում է Ադրբեջանի դաշտում, և թերևս ադրբեջանական համառության պատճառով է, որ համանախագահների հանդիպումը մինչև այժմ չի կայանում»,- նշեց վերլուծաբանը։

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Հայաստան-Ադրբեջան սահմանագծին անցած գիշեր վիճակը համեմատաբար խաղաղ է եղել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG