Մատչելիության հղումներ

Ֆինանսների նախարար․ Հայաստանի համար ձեռքբերում կլինի, եթե հաջորդ տարի պահպանվի 2015-ի վիճակը


Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը զրուցում է «Ազատության» թղթակցի հետ: 3-ը դեկտեմբերի, 2015թ․
Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը զրուցում է «Ազատության» թղթակցի հետ: 3-ը դեկտեմբերի, 2015թ․

«Այդ հարցը լուծելը արդեն իսկ բարդ խնդիր է, որովհետև տնտեսության զարգացման, աշխարհաքաղաքական երևույթները, ֆինանսական․․․ բոլոր այդ հարցերի լուծումը: Մենք պետք է կարողանանք այս ճգնաժամին դիմակայել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գագիկ Խաչատրյանը:

Նախարարի փոխանցմամբ, Հարկային օրենսգրքում մշակվող փոփոխություններով փորձելու են կարգավորել դաշտը՝ երկարատև կայունություն ստեղծել գործարարների համար, նպաստել տնտեսության աշխուժացմանը:

Ըստ Խաչատրյանի, արդեն իսկ բազմաթիվ արտոնություններ են տրվել փոքր ու միջին բիզնեսին՝ փաստաթղթերով աշխատողների շրջանառության հարկն են նվազեցրել: Սակայն կասկածներ ունեն, որ խոշոր գործարարներն են օգտվում փոքրերի համար նախատեսված արտոնություններից, ուստի խստացնելու են վերահսկողությունը․ - «Շրջանառության հարկի դաշտում բազմաթիվ տնտեսվարողներ փորձում են գրավել այն տեղը, որը իրենցը չի՝ թաքցնելով շրջանառության ծավալները: Այդտեղ մենք կոշտ վարչարարություն ենք անելու, որպեսզի, մի կողմից, պաշտպանենք այն փոքր ու միջին ձեռնարկատերերին, որոնք ազնիվ են աշխատում, մյուս կողմից՝ հարկային եկամուտների մեծ կորուստներ կունենանք: Այդ աննախադեպ արտոնությունը տրվել է ոչ նրանց համար, տրվել է հատկապես փոքր ձեռնարկությունների համար, որպեսզի նրանք կարողանան ֆինանսապես բավարար ռեսուրսներ ստեղծեն և զարգանան»:

Պարզաբանելով, թե ինչ ասել է կոշտ վարչարարություն՝ նախարարն ասաց․ - «Միայն ստուգումներով պետք չէ, որպեսզի բիզնեսի մոտ մենք կարողանանք լրացուցիչ հարկային պարտավորություն ստեղծել: Դուք բազմիցս տեսել եք, որ մենք ինքնահայտարարագրման ինստիտուտներն ենք զարգացնում, խրախուսման ինստիտուտներն ենք զարգացնում, որ բիզնեսը վստահ լինի․․․ Բայց այնտեղ, որտեղ տեսնում ենք, որ փոփոխություն չկա, բնականաբար, պետք է միջամտենք: Մեր խնդիրը հենց դա է, որ կարողանանք, առանց օրենք խախտելու և առանց որևիցե էքսցեսների, ցնցումների, տնտեսվարողներին ցույց տանք իրենց տեղերը»:

Փոքր և միջին ձեռնարկատերերի ասոցիացիայի փոխնախագահ Սամսոն Գրիգորյանը, սակայն, գտնում է, որ Հայաստանում գործարարների տեղերը «վաղուց որոշված են»․ - «Որոշված է՝ ով է ստվերի տակ լինելու, ով է պարզ աշխատելու: Մանր բիզնեսը միշտ էլ աշխատել է բաց, պարզ»:

Փոքր ու միջին գործարարները, Գրիգորյանի փոխանցմամբ, մտավախություն ունեն, որ կառավարության հերթական նախաձեռնությունը իրավիճակը լավացնելու փոխարեն դարձյալ վատթարացնելու է արդեն իսկ բարդ վիճակը: Նա համոզված է, որ ստվերում թաքնվող խոշոր գործարարներին կարելի է շատ ավելի հեշտ հայտնաբերել․ - «Կարելի է ուղղակի մաքսային սահմանին հետևել ինչ է կատարվում, ինչ է ներկրվում: Շատ հեշտ, շատ քիչ ռեսուրսներ ծախսելով կարելի է հայտնաբերել խոշորներին, առանձնացնել մանրերից և պարզել, թե որտեղ է ստվերը գտնվում»:

Գործարարի խոսքով՝ կառավարության տրամադրած «հարկային արտոնությունից» շատերը չեն կարողանում օգտվել․ այն տրվում է միայն ապրանքների ձեռքբերման փաստաթղթեր ներկայացնողներին․ - «Այդ փաստաթուղթը քաղցր պտուղ ա, բայց մանր բիզնեսին չի վերաբերում․․․ դա վերաբերում է խոշորներին: Եթե հենց նույն մեր կառավարության անդամների հենց նույն ստվերում գտնվող բիզնեսները չեն տալիս փաստաթուղթ, ինչպե՞ս կարող է մանրը օգտվել այդ արտոնությունից: Դա արտոնություն է, որը կա թղթի վրա, բայց գոյություն չունի իրականում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG