Իշխող Հանրապետական կուսակցությունում (ՀՀԿ) թեև չեն կիսում ընդդիմադիրների՝ հեղափոխության մասին կոչերը, սակայն խնդիր չեն տեսնում նրանց հանրահավաքային պայքարում, «եթե դա օրենքի շրջանակներում է»։
«Եթե չկա սադրանք, չկա որևէ այլ գործընթաց, հետևաբար՝ դա ընկալելի է և տրամաբանական է», - «Ազատության» հետ զրույցում ասաց հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը՝ միևնույն ժամանակ հավելելով. - «Բայց մենք տեսնում ենք, որ նախանշած երթուղուց շեղվում են։ Բայց հանդուրժող է այսօրվա իշխանությունը»։
Սահակյանը հորդորեց հանրահավաքի մասնակիցներին՝ շարժվել օրենքի տառին համապատասխան։ «Այն երկիրը, որն իրենք պատկերացնում են և խոսում են՝ և՛ ժողովրդավարությունից, և՛ իրավունքներից, ապա պետք է իրենք էլ բացառապես շարժվեն այդ կանոնների և այդ սկզբունքների հիման վրա։ Այսինքն՝ օրենքի տառին, ոգուն համապատասխան։ Իսկ ինչ ազդեցություն կունենա թե չի ունենա՝ դա թողնենք դեկտեմբերի 6-ին՝ հանրաքվեի օրը. ժողովուրդն ինչպես կքվեարկի»։
Դեկտեմբերի 1-ին «Նոր Հայաստան»-ի հանրահավաքի իր ամփոփիչ ելույթում «Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը, հիշեցնենք, հայտարարեց, որ հեղափոխությունը սկսվել է, և անվանական հրապարակ հրավիրեց տարբեր ընդդիմադիր գործիչների:
Հարցին, թե համաձա՞յն է այս հայտարարությանը, Սահակյանը պատասխանեց. - «Հեղափոխությունը պետք չէ այդպես ընկալել։ Հարցի ենթատեքստը հասկանում եմ, բայց միգուցե հեղափոխությունը իրենց մտածելակերպի մեջ են արել, հեղափոխությունը իրենց մոտեցումների մեջ են արել, հեղափոխությունը իրենց՝ որպես ընդդիմություն, քայլերի, ընկալումների մեջ են արել, ծրագրերի մեջ են արել․․․ Իսկ հեղափոխությունը մենք առաջարկում ենք՝ եթե ուզում են, թող գան սահմանադրական բարեփոխումների միջոցով մենք փոփոխությունների ենթարկենք, հեղափոխություն անենք մեր օրենսդրական դաշտում, մեր մոտեցումներում, պետական կառավարման ոլորտում: Այս առումով կարող են գալ և համագործակցել, և Սահմանադրության անցնելու դեպքում, «այո»-ի դեպքում, այո՛, այդ հեղափոխությունը կլինի»։
Հանրապետական պատգամավորը հորդորեց ընդդիմությանը օգտվել իշխանության ընձեռած հնարավորությունից։ «Պետք է օգտվեն նաև այսօրվա իշխանության կողմից ընձեռված հնարավորությունից և հանրաքվեին մասնակցելով, «այո» ասելով, խորհրդարանական կառավարման ձևին անցնելով, և իրենք այդքան շատ կողմնակիցների միջոցով հետագայում՝ 2017 թվականին կձևավորեն Ազգային ժողով և կունենան մեծամասնություն», - ասաց Հովհաննես Սահակյանը։