Մատչելիության հղումներ

«Նոր Հայաստան»-ի երկրորդ գիշերն Ազատության հրապարակում ևս հանգիստ էր


«Նոր Հայաստան»-ի դեկտեմբերի 2-ի երթը Երևանում
«Նոր Հայաստան»-ի դեկտեմբերի 2-ի երթը Երևանում

Այսօր նախատեսված է նաև «Ոչ»-ի միասնական շտաբի հանրահավաքը։

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի երկրորդ գիշերն Ազատության հրապարակում ևս հանգիստ էր, առանց միջադեպերի։

Ազատության հրապարակում էին «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը և կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։

Այս գիշեր կրկին հերթապահել են տասնյակ ոստիկաններ ու շտապօգնության մեքենան։

Առավոտյան ոստիկանությունն արգելեց ցուցարարներին մեծ անձրևանոցներ տեղադրել տեղացող ձյունից պաշտպանվելու համար՝ ասելով, որ հրապարակն այդքան էլ մարդաշատ չէ, և անձրևանոցները կարող են բացվել միայն այն դեպում, երբ մարդիկ հավաքվեն։

Ազատության հրապարակում այսօր ժամը 17-ին նախատեսված է նաև «Ոչ»-ի միասնական շտաբի հանրահավաքը։ «Ոչ»-ի ճակատում են Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ), Հայաստանի ժողովրդական կուսակցությունը ( ՀԺԿ) և «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունը։

Երեկ «Նոր Հայաստան»-ի հրավիրած հանրահավաքից հետո, կեսգիշերին մոտ Ազատության հրապարակ էր եկել նաև «Ոչ»-ի շտաբի պետ, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ով մոտ 10-15 րոպե առանձնազրույց ունեցավ «Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի և «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ։

Զրույցից հետո, պատասխանելով «Ազատության» հարցին, Զուրաբյանն ասաց, որ պարզապես եկել էր այցելության «Նոր Հայաստան»-ի անդամներին։ Նա զրույցից մանրամասներ չհաղորդեց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG