Մատչելիության հղումներ

Էթիկայի հանձնաժողովը որոշեց, որ Առաքել Մովսիսյանը պատգամավորին ոչ վայել պահվածք է դրսևորել


Առաքել Մովսիսյանը (աջ) ԱԺ դահլիճում, արխիվ
Առաքել Մովսիսյանը (աջ) ԱԺ դահլիճում, արխիվ

Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովը այսօր միաձայն որոշեց, որ հանրապետական պատգամավոր Առաքել Մովսիսյանը պատգամավորին ոչ վայել պահվածք է դրսևորել, երբ ամիսներ առաջ հրապարակավ սպառնացել է բռնաբարել ու գլխատել բոլոր նրանց, ովքեր կհանդգնեն պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին բացասական արտահայտություններ անել։ Դռնփակ նիստից հետո այս մասին հայտարարեց Էթիկայի հանձնաժողովի նախագահ Վահան Բաբայանը:

«Միաձայն որոշում կայացվեց, որ Առաքել Մովսիսյանը խախտել է ԱԺ կանոնակարգի 6.1 հոդվածի «է» կետը, որը վերաբերում է պատգամավորին ոչ վայել պահվածքին։ Որոշումը կհրապարակվի ԱԺ առաջիկա նիստում։ Զերծ մնանք այլ մեկնաբանություններից։ Որոշման տեքստը սովորաբար բաժանվում է ԱԺ բոլոր պատգամավորին, նաև՝ մամուլին»,- ասաց Բաբայանը։

Սա առաջին նման որոշումը չէ հանրապետական պատգամավորի վերաբերյալ։ Խորհրդարանի Էթիկայի հանձնաժողովը մեկ տարի առաջ ևս ստիպված էր քննել Մովսիսյանի վարքագիծը, երբ վերջինս գազային պայմանագրի վավերացման ժամանակ բողոքի ակցիա անցկացնող լրագրողների հասցեին վիրավորական արտահայտություն էր արել։

Այսօր Առաքել Մովսիսյանը «Ազատության» հետ զրույցում այսպես արձագանքեց իր վերաբերյալ Էթիկայի հանձնաժողովի երկրորդ որոշմանը.- «Բայց ես ե՞րբ եմ խախտում արել։ Ես խախտում արած կա՞մ կյանքում»։

Առաքել Մովսիսյանի դեմ դիմում էր ներկայացրել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։ Գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասում է՝ Էթիկայի հանձնաժողովի որոշումն իրենց բավարարում է, սակայն լավ կլիներ՝ նաև որոշ մեկնաբանություններ լինեին հանձնաժողովի կողմից:

«Մի պատգամավորի մասին է, որի վերաբերյալ երկրորդ նման որոշումն է կայացվում, հետևաբար սա նաև պետք է ահազանգ լինի հանձնաժողովի համար, որ պետք է համարժեք փաստաթուղթ մշակեր, որ ինչ-որ ձևով հարցը բարձրացներ Ազգային ժողովում»,- ասաց Սաքունցը։

Իրավապաշտպանը շեշտում է՝ չպետք է անտարբեր թողնել որևէ պատգամավորի խախտում։ Էթիկայի հանձնաժողովի որոշումները թեև խորհրդատվական բնույթ ունեն, սակայն դրանց հիման վրա ընտրողներն ու քաղաքական կուսակցությունները հետևություններ կարող են անել։ «Չպետք է անտարբեր թողնել, չմտածել, որ դա արդյունք չի տալիս»,- ասում է Սաքունցը։

Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասում է՝ խմբակցությունում քննարկում են Էթիկայի հանձնաժողով մտած բողոքները, այս մեկը ևս քննարկել են, դատապարտում են կատարվածը, սակայն հարցը երկու կողմ ունի:

«Դուք միակողմանի չպետք է նայեք։ Այսինքն այն բոլոր վիրավորանքները, որ կարող են հնչել իշխանության ներկայացուցիչների հասցեին, Հանրապետականի պատգամավորների հասցեին հերյուրանքները նորմալ ենք ընդունում բոլորս, բայց երբ Հանրապետականի ներկայացուցիչը անում է արտահայտություն, արդեն դա տարածվում է և սկսում է ոչ նորմալ ընդունվել»,- ասաց Բաղդասարյանը։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Առաքել Մովսիսյանի հայտարարությունների վերաբերյալ դիմում էր ուղարկել ոչ միայն Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողով, այլև դատախազություն: Քրեական գործ, սակայն, այդպես էլ չէր հարուցվել։ Հետագայում թե՛ առաջին ատյանի, թե՛ վերաքննիչ դատարանները մերժել էին իրավապաշտպանների բողոքն ու քրեական գործ չհարուցելու որոշումն օրինական համարել: Արթուր Սաքունցը հայտնեց, որ վճռաբեկ բողոքն են պատրաստում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG