Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյանը «այո»-ի օգտին առնվազն 30 տոկոս ձայն է կանխատեսում Շիրակի մարզում


Վարչապետն այսօր Գյումրիում հանդիպել էր Շիրակի մարզի «Այո»-ի շտաբի համակարգողների ու ներկայացուցիչների հետ:

Վարչապետ, Հանրապետականի «Այո»-ի շտաբի պետ Հովիկ Աբրահամյան վստահ է, որ ընդդիմադիր տրամադրություններով հայտնի Շիրակի մարզում սահմանադրական փոփոխությունները հաջողություն կունենան:

Գյումրիում նա անգամ թվեր մատնանշեց․ - «Ես չեմ կարծում, որ մենք հաջողություն չենք ունենա: Ես կարծում եմ 30 տոկոսից ոչ պակաս»:

Շիրակի մարզում և, մասնավորապես, Գյումրիում վերջին համապետական ընտրություններում իշխանությունները պարտվել են: Հարցին, թե ինչու է այս անգամ շիրակցին վստահելու նույն իշխանությունների նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին, վարչապետը պատասխանեց․ - «Մենք լավ ենք աշխատում, քարոզում ենք, ներկայացնում ենք հանրությանը, որպեսզի իրենք իրենց մասնակցությունը բերեն և պատկերացումներն ունենան այս նախագծի մասին: Կարևորը՝ իրազեկել հանրությանը։ Թող ինքը որոշի, թող մեր քաղաքացին որոշի։ Եթե կորոշի, որ գործող Սահմանադրությունը մնա, ապա մենք կհամակերպվենք ու կաշխատենք»:

Իսկ եթե, այնուամենայնիվ, Շիրակի մարզում հանրաքվեի ժամանակ «ոչ» ասեն, իշխանությունները կփոխե՞ն իրենց վերաբերմունքը մարզի ու Գյումրու նկատմամբ․ այս հարցին Աբրահամյանն արձագանքեց․ - «Ես ուզում եմ, որ դուք արձանագրեք՝ մենք բոլոր ծրագրերը, որ ունենք և նախատեսել ենք Շիրակի մարզում, Գյումրի քաղաքում՝ իրականացնելու ենք։ Եվ չար լեզուները ինչքան էլ բամբասեն, ինչքան էլ հանրության մեջ փորձեն ստեղծել վատ տրամադրություն՝ դա դատապարտված է ի սկզբանե: Հակառակը՝ մենք, չլսելով այն բոլոր բացասական հորդորները, մեղադրանքները անհիմն, գնալու ենք առաջ՝ մեր երկիրը կառուցելու ենք։ Եվ ես կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին, քաղաքական գործիչներին, մեր հանրությանը՝ ոչ թե ամբողջ օրը փորձենք բամբասել, սևացնել, փնովել գործը, այլ միասին մեր ուժերը համադրենք և զարգացնենք ինչպես Գյումրին, այնպես էլ Հայաստանը»:

«Այո»-ի շտաբի ղեկավարը կտրականապես հերքեց ընդդիմադիր ճամբարից հնչող պնդումները, թե Հանրապետականը վարչական ռեսուրս է կիրառում, և վստահեցրեց, որ ամեն ինչ անելու են, որպեսզի քվեարկությունն անցնի օրենքի սահմաններում:

Նա կրկին հայտարարեց, թե սահմանադրական փոփոխություններով իշխանությունները վերարտադրության խնդիր չեն լուծում․ - ««Անկեղծ ասած՝ ես որևէ լուրջ հակառակ պնդում չեմ լսել, այլ հակառակը՝ մի խոսք են միշտ ասում մեր ընդդիմախոսները, որ չվերարտադրվեն իշխանությունները, բայց այս նախագիծը ընդհանրապես հնարավորություն չի տալիս վերարտադրվելու»։

Վարչապետը խուսափեց որևէ հայտարարություն անել անցած շաբաթ մայրաքաղաքում բացահայտված հանցավոր խմբի կապակցությամբ․ - «Ես որևէ հայտարարություն չեմ անում, չեմ ցանկանում անել: Սպասենք, իրավապահ մարմինները ամեն ինչ ժամանակին կհաղորդեն, տեղյակ կպահեն մեր քաղաքացիներին»:

Հովիկ Աբրահամյանը Գյումրի էր եկել մասնակցելու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի 150-ամյակին նվիրված միջոցառմանը։

XS
SM
MD
LG