Մատչելիության հղումներ

Հանրակացարանի բնակիչները դուրս են եկել հարևանությամբ գործող համալիրի նոր շինարարության դեմ


Նոր Նորքի 2-րդ զանգվածի նախկին ուսանողական հանրակացարանի հարյուրավոր բնակիչների անդորրը խախտվել է. առավոտից բակում են՝ թույլ չտալու, որ հարևանությամբ գործող սպորտային համալիրը նոր շինարարություն սկսի։

8 հարկանի հանրակացարանում ավելի քան 200 ընտանիք է ապրում։ Կիսախարխուլ, նեղ սենյակներով տներում շարժվելու տեղ գրեթե չկա, երեխաները օրվա մեծ մասը բակում են անցկացնում, որը քաղաքապետարանը սեփականության իրավունքով հանձնել է հարևանությամբ գտնվող սպորտային համալիրին։

«Որտե՞ղ խաղան երեխաները»,- հարցնում են բնակիչները,- «Տարածք չկա, որ էրեխեքը խաղան։ 18 քառակուսու մեջ հնարավոր չէ էրեխեքին խաղացնել, դաս սովորեցնել, ուղարկում ենք մի քիչ խաղալու»։

«Ակվալենդ» համալիրը այս տարի նաև բակում շինարարություն սկսելու թույլտվություն է ստացել ու արդեն անցել գործի։ Բնակիչների խոսքով, իրենց բակում բազմարհարկ հյուրանոց է վեր խոյանալու, բանվորներից են տեղեկացել։

Սպորտային համալիրի սեփականատեր «Զորախաչ» ընկերության տնօրենի պաշտոնակատար Հակոբ Նազարյանը «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ տարածքում ոչինչ էլ չեն կառուցելու, ընդամենը ուզում են ցանկապատել, թեև փաստաթղթերից դատելով նրանք ունեն հասարակական կամ խառը կառուցապատման թույլտվություն։

«Մենք էստեղ ցանկապատ ենք ուզում կառուցել, որպեսզի մեր հողամասը մտնի մեր տարածքի մեջ»,- ասաց Նազարյանը։

Բնակիչների խոսքով, իրենք էլ գիտեն՝ շինարարության բոլոր օրինական թղթերը առկա են։ Դեռ անցյալ տարի դիմել էին Տարոն Մարգարյանին, քաղաքապետարանը, սակայն պատասխանել էր՝ տրամադրված հողամասը անբարեկարգ էր, այնտեղ երբևիցե ժամանցի որևէ միջոցառում չի իրականացվել։

«Հազար անգամ խնդրեցինք, աղաչեցինք, անձամբ ես գրել եմ մեր թաղապետին, խնդրել եմ, որ մենք տարածք ունենք, եկեք խաղահրապարակ սարքենք, ոչ մի պատասխան չի եղել։ Խի մեր էրեխեքը էրեխեք չե՞ն»։

Քաղաքապետարանը նաև բնակիչներին տեղեկացրել է՝ «Զորախաչ» ՍՊԸ-ի գործունեության հիմքում հենց բնակչության ժամանցի, սպորտ միջոցառումների ու հանգստի կազմակերպումն է, հետևաբար ընկերությանը լրացուցիչ տրամադրված հողամասը ծառայեցվելու է հենց բնակիչներին անհանգստացնող նպատակին՝ հանգստին»։ Հանրակացարանի նեղ սենյակներում տեղավորված ընտանիքները մինչդեռ պնդում են՝ վճարունակ չեն, որ երեխաներին բակի փոխարեն լողավազան ուղարկեն. - «35 հազար է դրանց գները, մենք չենք կարող»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG